ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից գյուղատնտեսական նոր ծրագիր է ներդրվում Գեղարքունիքի մարզում
17:49 - 15 նոյեմբերի, 2022

ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից գյուղատնտեսական նոր ծրագիր է ներդրվում Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրերի գյուղացիական տնտեսություններում շուտով ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից կներդրվի գյուղատնտեսական նոր ծրագիր, որի նպատակը արեւային կայանների տեղադրման միջոցով գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների ստեղծումն է մարզի համայնքներում։

Ծրագրի ներդրման հետ կապված խնդիրները քննարկելու  նպատակով այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար  Վահան Առաքելյանին։Ըստ ծրագրի համակարգողի ներկայացման՝ նույն ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանի առաջարկությամբ կընտրվեն սահմանամերձ 5 գյուղական բնակավայրեր, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվի 20 կիլովատտ հզորության արեւային կայան։ Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրից կընտրվեն 15-ական ընտանիքներ, որոնք աջակցություն կստանան գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների, նաեւ՝ մրգերի եւ բանջարեղենի չորանոցների տեսքով։

«Տեղադրված արեւային կայաններից յուրաքանչյուրի շահագործման դեպքում տարեկան գոյանում է 1,5 միլիոն դրամի տնտեսում, որից 1 միլիոն դրամն ուղղվում է գյուղատնտեսության զարգացման ծրագրերին, իսկ 500 հազար դրամը մնում է համայնքապետարանի տրամադրության տակ։ Որպես ծրագրի շահառու պետք է հանդիսանան առաջին հերթին սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքները, որոնք իրենց տրամադրության տակ ունեն տնամերձ հողամասեր։ Ծրագրի կողմից կանցկացվեն համապատասխան դասընթացներ, կտրամադրվեն մորու եւ մոշի տնկիներ եւ կաթիլային ոռոգման համակարգ ու չորանոցներ՝ չրեր պատրաստելու  համար։ Ծրագիրը ոչ միայն կխթանի այս տնտեսությունների զարգացմանը, այլ նաեւ կապահովի կայուն եկամուտներ։ Նման ծրագիր մենք ներդրել ենք Շիրակի մարզում եւ ստացել ենք գոհացուցիչ արդյունքներ։ Հուսամ, որ Գեղարքունիքի մարզում էլ այն հաջող քննություն կբռնի, եւ ամենայն հավանականությամբ, 2023 թվականի փետրվարին մենք ձեր միջոցով կընտրենք հաջորդ գյուղական ու սահմանամերձ 5 բնակավայրերի նոր տնտեսություններին»,-ներկայացրեց Վահան Առաքելյանը։

Հավանություն տալով ծրագրի բովանդակությանն ու կարեւորելով նրա նշանակությունը՝ մարզպետ Կարեն Սարգսյանը հստակեցրեց այն համայնքների անունները, որոնց վարչական կազմի մեջ մտնող բնակավայրերի տնտեսություններում  շուտով կտրվի ծրագրի մեկնարկը։ 

«Ծրագրի ներդրումը շատ կարեւոր նշանակություն կունենա սահմանամերձ բնակավայրերի կարիքավոր ընտանիքների սոցիալական դժվարին վիճակի բարելավման տեսանկյունից։ Մենք ընտրում ենք սահմանամերձ երկու համայնք՝ Վարդենիսը եւ Ճամբարակը։ Իսկ բնակավայրերի եւ գյուղացիական տնտեսությունների ընտրությունը կկատարենք համայնքապետարանների եւ բնակավայրերի վարչական ղեկավարների ներկայացմամբ։ Մեր կողմից կարվի հնարավորը, որպեսզի ծրագրի շահառու դառնան միայն սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերը։ Ինքս էլ միայն դրական ու տեսանելի արդյունքներ եմ ակնկալում ծրագրի ընթացքից»,-հանդիպումն ամփոփեց Կարեն Սարգսյանը։

Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց՝ ծրագրից ցանկալի արդյունքներ ապահովելու նպատակով էլեկտրաէներգիայի արտադրության միջոցով տնտեսված գումարների հաշվին ստեղծել ծրագրի իրականացման ընթացքը մշտադիտարկող մասնագետի հաստիք, որի գործունեության շնորհիվ ծրագիրը կդառնա ավելի բովանդակային ու կենսունակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել