Երբ գիտությունը չեն զարգացնում, նորակառույցով աշխարհին ոչինչ չեն կարող ցույց տալ․ ՕԴՔ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները այսօր բողոքի ակցիաներ իրականացրին
18:42 - 16 նոյեմբերի, 2022

Երբ գիտությունը չեն զարգացնում, նորակառույցով աշխարհին ոչինչ չեն կարող ցույց տալ․ ՕԴՔ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները այսօր բողոքի ակցիաներ իրականացրին

Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին նախ Երևանի քաղաքապետարանի, ապա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առջև։

Հիշեցնենք, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26 հասցեում գտնվող ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել:

Կենտրոնի աշխատակիցները բազմիցս դեմ են արտահայտվել այս գործընթացին՝ պնդելով, որ դա կվնասի գիտական կառույցի բնականոն գործունեությանը։

Այսօրվա բողոքի ակցիայի պատճառն էլ այն է, որ օրեր առաջ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ ներկայացուցիչները այցելել են Գիտատեխնոլոգիական կենտրոն ու հայտարարել, որ իրենց տարածքով անցնող ջրանցքը Կենտրոնի տարածք տեղափոխելու շինթույլտվություն ունեն։ Կենտրոնը, սակայն, այդ մասին նախապես չի ծանուցվել։

Բողոքի ակցիային մասնակցող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը վաղուց կա, սակայն վերջին տարիներին անընդհատ տեղեկություններ են ստանում նոր հատվածների օտարման մասին․ «Ցավալին այն է, որ ոչ մի անգամ ո՛չ կենտրոնի տնօրինությունը, ո՛չ աշխատակիցներից որևէ մեկը ոչ քաղաքապետարանից, ոչ նախարարություններից, ոչ էլ համապատասխան բաժիններից նախապես ծանուցում չի ստանում։ Ամեն անգամ իմանում ենք հենց կառուցապատողից։ Նախնական խնդիրը մեր ջրավազանի տարածքի օգտագործումն էր։  Մարդիկ մի անգամ գիշերով եկան, ջարդեցին, մտան, այդ ամեն ինչը անցավ գնաց։ Սկզբում հորատման գործընթացն էր, բայց շինթույլտվությունը չկար, բայց անցած շաբաթվա մեջ եկան, զգուշացրին, որ ունեն իրավունք վերջերս փոփոխված կարգավիճակ ունեցող ջրատարի հատվածը փոխելու, մեր տարածքով անցկացնելու։ Այդ ջրատարը անցնում է  քիմիական երկու մասնաշենքերի դիմացով, այսինքն՝ տեղափոխելու դեպքում իրենք պետք է մեր ճանապարհը օգտագործեն»։

Հարությունյանն ասում է, որ սպասվող շինարարական պրոցեսը խանգարելու է Կենտրոնի բնականոն աշխատանքին, սակայն ավելի կարևոր հանգամանք կա․ Քիմիական երկու մասնաշենքերում կան քիմիական պահեստներ, որոնք բավականին խորն են և ցանկացած տեսակի գործընթացի դեպքում խնդիր է լինելու նաև աշխատակիցների համար․ «Մինչև այս էլ մենք բարձրաձայնել ենք, որ ինստիտուտում կան բավականին հզոր ու նուրբ սարքեր, այդ սարքերից նորերն ենք ստանալու և ունենալու ենք սարքերի խափանում։ Մենք ամեն օր սարքի համար դիմում ենք ներկայացնում, շահում ենք, բայց փաստացի ունենում ենք խնդիր նաև այդ ուղղությամբ»։ 

Նրա խոսքով՝ քաղաքապետարանից պահանջում են, որ իրենց տրվի շինթույլտվությունը հաստատող փաստաթղթերը, պատասխանատու կառույցները հաշվի նստեն Կենտրոնի տնօրինության հետ, բոլոր տեսակի քննարկումները իրականացվեն համատեղ։

Արփինե Հարությունյանի խոսքով՝ կառուցապատողները դեռևս չեն մտել ինստիտուտի տարածք, տարածքից դուրս՝ ջրամատակարարման հետ կապված են գործողություններ իրականացնում։

Հարությունյանի պնդմամբ՝ Հայաստանում ամեն քայլափոխի նորակառույցներ կան, որոնք ոչինչ չեն տալու, և երբ գիտությունը չեն զարգացնում, նորակառույցով աշխարհին ոչինչ չեն կարող ցույց տալ․ «Այսօր մեր կենտրոնում բազմաթիվ դրամաշնորհներ կան, ունենք միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ։ Ստացվում է՝ մենք մի տեղում պիտի զբաղվենք գիտությամբ, հաջորդ պրոցեսում ստիպված լինենք պայքարել մեր կառույցի համար․․․դա անհեթեթ է։ Բացի այդ՝ այսպիսի կառույց մենք չունենք Հայաստանում։ Եթե Հայաստանում պիտի քիմիա գիտությունը զարգանա ու շարունակվի, ուրեմն պետությունը պիտի հասկանա, որ նախ անհրաժեշտ է  ունեցածը պահել, դրա վրա զարգացնել, ոչ թե քանդել, դրանից հետո որոշի՝ սարքել, թե չսարքել։ Մենք պարբերաբար ունենում ենք ուղեղների արտահոսք, իսկ կենտրոնի չլինելը հանգեցնելու է աշխատակիցների արտահոսքի դեպի այլ կառույցներ, որը ենթադրում է սովորական արտադրական պրոցես, ինչը գիտություն չէ։ Երկրորդ խնդիրը Հայաստանից դուրս գալն է։ Այսինքն՝  պետությունը պիտի ընտրի՝ երիտասարդին թողնում է Հայաստանում, թե ասում է՝ դուրս արի։ Եթե մարդիկ սովորել են, աշխատել են, ունեն ինչ-որ հստակ պլաններ, գործառույթ, դա փոփոխելը՝ առանց իրենց հետ հաշվի նստելու, ճիշտ չէ»։

Գիտաշխատողը վստահ է նաև՝ Կենտրոնին այդքան մոտ ապրող բազմաբնակարան շենքի բնակիչները մի օր անհարմարություն են զգալու, և դրվելու է Կենտրոնի աշխատել-չաշխատելու, այնուհետև Կենտրոնը տեղափոխելու հարցը․ «Բայց եթե անգամ տեղափոխելուց խոսեն, պիտի ունենան կառույց, իսկ այսօր, քանի որ մենք այդ ամենը չունենք ու մեզ հստակ որևէ պլան չի տրվել, գործերի հաջորդականություն չի ներկայացվել, մենք պայքարելու ենք մեր ունեցածի համար»։ 

Քիչ հետո Երևանի քաղաքապետարանում ընդունեցին ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրինությանը։ 

Հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գտնվող Պետական գույքի կառավարման կոմիտեն համաձայնություն էր տվել, որպեսզի քաղաքապետարանը  ջրանցքի անցկացման շինթույլտվություն տա կառուցապատողին։ Դրանից հետո Կենտրոնի աշխատակիցները շարժվեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բողոքի ակցիան այնտեղ շարունակելու։ Կենտրոնի տնօրինությունն էլ հանդիպեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ու ՏԿԵ փոխնախարրի հետ։

Կենտրոնի գիտության գծով փոխտնօրենը, ով մասնակցել էր Քաղաքապետարանում ու ՏԿԵ նախարարությունում կայացած հանդիպումներին, մեր զրույցում ասաց, որ քաղաքապետարանում կար շինթույլտվությունը հաստատող փաստաթուղթ, որը իրենց տրամադրելու են․  «Մարդիկ չեն տիրապետում այդ խնդիրները ճիշտ լուծելու գործընթացին։ Մենք ասում ենք՝ փաստաթուղթ կա շինթույլտվության վերաբերյալ, ասում են՝ ոչ մի փաստաթուղթ չկա, քաղաքապետարանում պարզվում է, որ փաստաթղթեր կան։ Նույն օրը, երբ դիմել ենք քաղաքապետարան, այստեղից պատասխան է եկել, որ շինթույլտվության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չկա։ Բայց պարզվեց, որ քաղաքապետարանում փաստաթուղթ կա, որը դարձյալ չտրամադրեցին, որովհետև պաշտոնական պատասխանով են տալու։ Այդ փաստաթուղթը մեզ անհրաժեշտ է դատարանում բողոքարկման համար․ այստեղ  հանցավոր անգործությունից սկսած հանցավոր համաձայնությունով վերջացրած ամեն ինչ երևում է, որովհետև մարդիկ փորձում են, այսպես ասած, խոչընդոտները վերացնելով, անհամատեղելի շենք կառուցել մի վայրում, որտեղ չի կարելի։ Ժամանակին, երբ այդ տարածքը օտարվել է, եղել է օտարման ոչ ենթակա, ու այդ պահանջով քաղաքապետարանը պիտի գնար, վերականգներ իր իրավունքները այդ հողակտորի հանդեպ, որն էլ չի արվել։ Տարիների ընթացքում շատ խնդիրներ են կուտակվել, ու փորձում ենք հասկանալ՝ ընդհանրապես ուր ենք գնում, որովհետև այդ շինարարությունը ու Կենտրոնը անհամատեղելի են»։

Իսկ ՏԿԵ նախարարությունում կենտրոնի ներկայացուցիչները բարձրացրել են իրենց խնդիրները ու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը ու ՏԿԵ փոխնախարարը վաղը գալու են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն՝ խնդիրներին տեղում ծանոթանալու։






Նանե Ավետիսյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել