Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները մեծացել են, իսկ մենք ունենք արտադրության ենթակառուցվածք. փոխվարչապետ


 |armenpress.am|
17:55 - 16 նոյեմբերի, 2022

Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները մեծացել են, իսկ մենք ունենք արտադրության ենթակառուցվածք. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորում է, որ մինչև Հայաստանի հյուսիսային և հարավային սահման էլեկտրական գծերի լիարժեք արդիական համակարգեր լինեն: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք քննարկվում է իրանական կողմի հետ, որ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն այնքան ընդարձակվի, որ դա ոչ միայն Իրանը գնի, այլ նաև արտահանվի: 

«Էլեկտրաէներգիայի արտահանումն ընդհանրապես շատ հետաքրքիր թեմա է: Կարծում եմ, որ այն մեզ համար ընդգծված ակտուալություն ունի: Շատ լավ է, որ մենք երկու ուղղությամբ էլ իրականացնում ենք էներգետիկ հաղորդակցության գծերի կառուցման ծրագրեր՝ և դեպի հյուսիս, և դեպի հարավ: Մենք պետք է շատ ավելի ինտենսիվ դա անենք, որովհետև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններն էականորեն մեծացել են, իսկ մենք ունենք էներգետիկ համակարգ՝ արտադրության ենթակառուցվածքը, որը շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, քան մենք ի վիճակի ենք օգտագործել»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետի կարծիքով՝ եթե  այդ պոտենցիալը ճիշտ օգտագործվի, դա դրական ազդեցություն կունենա ներքին սակագների վրա: Ներքին սակագների չնվազման հիմնական պատճառներից մեկն այն է, որ վաճառքը քիչ է: «Այդ իմաստով կարծում եմ՝ պետք է տեմպ տանք, որ մենք մինչև մեր հյուսիսային և հարավային սահման էլեկտրական գծերի լիարժեք արդիական համակարգեր ունենանք»,-եզրափակեց փոխվարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել