Հայաստանը ցանկանում է «Ադրբեջանում բնակվող» հայերի հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրում․ չի լինի, դա անհնար է․ Ալիև
17:12 - 17 նոյեմբերի, 2022

Հայաստանը ցանկանում է «Ադրբեջանում բնակվող» հայերի հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրում․ չի լինի, դա անհնար է․ Ալիև

«Այսօր խաղաղության մասին Հայաստանի խոսակցությունները մի տեսակ մանիպուլյացիա եմ համարում»։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։ 

Հանդիպմանը Դիրկ Շյուբելը նշել է, որ Ադրբեջան է այցելել Հայաստան այցից հետո ու հավելել, որ Հայաստանում կայացած հանդիպումներից ստացած հիմնական ուղերձը եղել է այն, որ Հայաստանը նույնպես շահագրգռված է խաղաղության հասնելու մեջ։ Ինչին ի պատասխան Իլհամ Ալիևը ասել է․

«Այսօր խաղաղության մասին Հայաստանի խոսակցությունները մի տեսակ մանիպուլյացիա եմ համարում, որովհետև եթե նրանք իսկապես խաղաղություն ցանկանային, ապա մեր առաջարկին կպատասխանեին։ Մենք էինք, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո առաջարկեցինք սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Հայաստանն այս գործընթացի սկզբնական փուլում շատ էր տատանվում, իսկ հիմա խոսում են խաղաղության մասին, բայց մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում խաղաղություն իրենց համար։ Այնուամենայնիվ, մեր դիրքորոշումը շատ հստակ է․․․մենք պետք է գնանք երկու ճանապարհով․ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանում և Ղարաբաղում հայ փոքրամասնությանն առնչվող հարցեր՝ իրավունքների և անվտանգության առումով»,- նշել է Ալիևը։ 

Ալիևը ասել է, որ երեկ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ խոսել են այդ ամենի մասին․ 

«Մենք լիովին հասկանում ենք, որ երկու ճանապարհ պետք է լինի, և դրանք չպետք է խառնվեն, սակայն Հայաստանից հնչող հայտարարությունները խիստ հակասական են։ Ասում են՝ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը․ ոչ միայն ասում են, այլեւ ստորագրում են Պրահայում ու Սոչիում։ Սա նշանակում է մեր ողջ տարածքի ինքնիշխանությունը։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ նրանք ցանկանում են Ադրբեջանում բնակվող հայերի հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրի մեջ։ Չի լինի։ Դա անհնար է։ Մենք սրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության միանգամայն հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ։ Ես վերջերս ասացի, որ եթե նրանք խաղաղություն են ուզում, մենք էլ խաղաղություն ենք ուզում։ Եթե ​​նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է։ Մենք երեսուն տարի խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել»,- նշել է Ալիևը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել