Հյուսիսկորեական բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի․ ԱՄՆ-ն դատապարտում է
11:07 - 18 նոյեմբերի, 2022

Հյուսիսկորեական բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի․ ԱՄՆ-ն դատապարտում է

Հինգշաբթի օրը Հյուսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի Հոկայդո կղզուց արևմուտք՝ բացառիկ տնտեսական գոտի։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, որն այս պահին Բանգկոկում է՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովին։

Կիսիդայի խոսքով՝ հյուսիսկորեական հրթիռի արձակման հետևանքով վնասների մասին տեղեկություններ չկան։

Նշենք, որ հրթիռի արձակումն իրականացվել է հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով 10:14-ին (Երևանի ժամանակով 05:14-ին), իսկ 11:23-ին (06:23-ին) հրթիռն ընկել է։ Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հրթիռն օդում գտնվել է 69 րոպե: Ճապոնական կողմի նախնական գնահատումներով՝ հրթիռն անցել է շուրջ հազար կիլոմետր տարածություն՝ 6 հազար կիլոմետր առավելագույն բարձրությամբ, այսինքն՝ այն արձակվել է, այսպես կոչված, ուղղաձիգ հետագծով: Այսինքն հրթիռը բավականաչափ հեռահարություն ուներ ԱՄՆ հասնելու համար։

Միացյալ Նահանգները դատապարտել է Հյուսիսային Կորեայի գործողությունները։ Ինչպես հայտնում են Սպիտակ տնից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է քննարկուները տարածաշրջանի գործընկերների հետ։

ԱՄՆ նախագահի վարչակազմը նաև նշել է, որ հրթիռի արձակումը «լկտիաբար խախտում է» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր և հանգեցնում է տարածաշրջանում «լարվածության» աճի, ինչպես նաև կարող է ապակայունացնել անվտանգության իրավիճակը։

Սպիտակ տունը նաև կոչ է արել բոլոր երկրներին դատապարտելու Հյուսիսային Կորեայի գործողությունները և հորդորելու Փհենյանին «նստել լուրջ բանակցությունների սեղանի շուրջ»․ «Դիվանագիտության դուռը փակ չէ, բայց Փհենյանը պետք է անհապաղ դադարեցնի ապակայունացնող գորոծողությունները ու դրա փոխարեն ընտրի դիվանագիտական փոխգործակցությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել