factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը։
Նիստը մեկնարկեց ուշացումով: Դատավորն իր ուշացումը պատճառաբանեց մեկ այլ գործով իր՝ խորհրդակցական սենյակում գտնվելով:
Գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էին միջնորդություն, որ չեն կարող ներկա գտնվել նիստին:
Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ առողջական խնդիրներ ունի, Հայկ Ալումյանը նշել էր, որ այլ դատական նիստի պետք է ներկայանա: Դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց նաև վերջինիս երրորդ պաշտպան Արամ Օրբելյանի բացակայության պատճառների մասին, ինչին ի պատասխան Քոչարյանը հայտնեց, որ Արամ Օրբելյանը գալիս է նիստերին, երբ միջնորդություն ունի անելու:
Դատարանը հայտարարեց, որ պաշտպանների բացակայության պայմաններում նիստը ենթակա է հետաձգման, ինչին հակադարձեց գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը. «Պաշտպանները չեն ներկայացրել այլ դատական նիստում գտնվելու կամ առողջական խնդիր ունենալու որևէ ապացույց, ուստի նրանց բացակայությունն անհարգելի է և նիստը ենթակա է շարունակման»:
Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել :
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին դատարանն Արմեն Գևորգյանին թույլատրել էր երկրից բացակայել մինչև դեկտեմբերի 4-ը, հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին:
comment.count (0)