Արայիկ Հարությունյանը դիմել է ԱԺ նախագահին՝ Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով
14:00 - 23 նոյեմբերի, 2022

Արայիկ Հարությունյանը դիմել է ԱԺ նախագահին՝ Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի կայքը։

Նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ:

Ըստ երկրի ղեկավարի՝ ներքին համերաշխությունն ու միասնականությունը պետության ամենազորեղ ուժն են և ամենակարևոր երաշխիքը՝ պետականաշինության այս դժվարագույն փուլում առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու գործում:

Նշվում է, որ Հանրապետության նախագահը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել