ՀՀ նախագահն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
15:34 - 24 նոյեմբերի, 2022

ՀՀ նախագահն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Պաոլո Սպանտիգատին և ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, ողջունելով Եվգենի Ժուկովին, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ 2005 թվականից, երբ պաշտոնապես մեկնարկեց Ասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության համագործակցությունը, բանկը դարձել է Հայաստանի կարևոր միջազգային գործընկերներից մեկը: Հանրապետության նախագահը շեշտեց, որ առանձնահատուկ կարևորում է ինչպես Հայաստանի Կառավարության, այնպես էլ մասնավոր սեկտորի հետ համատեղ Բանկի կողմից իրականացվող ծրագրերը:

Եվգենի Ժուկովը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկի կարևորագույն գործընկերներից մեկն է, և իրենք թե՛ մասնավոր հատվածում, թե՛ Հայաստանի Կառավարության հետ, միտված են շարունակել ու առավել ընդլայնել բազմաշերտ փոխգործակցային ծրագրերը, որոնք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցության, «կանաչ տնտեսության», կրթության և բազմաթիվ այլ ոլորտների:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հարավային Կովկասի տնտեսական և քաղաքական իրողություններին և տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա դրանց ազդեցությանը: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի տնտեսության զարգացման որակական փոփոխության առաջնային պայմաններից մեկը խաղաղությունն ու անվտանգային միջավայրն են, և Հայաստանը հաստատակամ է բոլոր հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը:

Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են ապագայում էլ Հայաստանի և Ասիական զարգացման բանկի փոխգործակցության շարունակականությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել