Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է ռուսական կողմին Արցախում սահմանային իրավիճակը ոչ օբյեկտիվ ներկայացնելու մեջ
09:57 - 25 նոյեմբերի, 2022

Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է ռուսական կողմին Արցախում սահմանային իրավիճակը ոչ օբյեկտիվ ներկայացնելու մեջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում դժգոհում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում գործածվում են Արցախի Հանրապետության հայկական տեղանունները՝ չնայած նրան, որ ադրբեջանական կողմը, ըստ հաղորդագրության, «Ղարաբաղի տնտեսական գոտու բնակավայրերի ցանկը և քարտեզը՝ ադրբեջանական տեղանուններով, պաշտոնապես տրամադրել է ՌԴ ՊՆ-ին, Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին և ներկա հրամանատարությանը, ինչպես նաև թուրք-ռուսական միացյալ մոնիթորինգի կենտրոնին»։

Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը մեջբերում է ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ 2022թ․ նոյեմբերի 24-ի հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացելով Մաղավուզ բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե իբր բնակավայրի անունը ոչ թե Մաղավուզ է, այլ Չարդաղլը և հերքում հրադադարի ռեժիմը խախտելու մասին ռուսական կողմի հաղորդագրությունը։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև մեղադրում է ռուսական կողմին, թե վերջինս իր պաշտոնական հաղորդագրություններում չի նշում Արցախյան կողմից հրադադարի խախտումների մասին։

Նաև նշվում է, թե Սարիբաբայում ականներ են հայտնաբերել, որոնք հայկական արտադրության են և 2021 թվականի։

«Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը համապատասխան տեղեկատվության մեջ ճիշտ նշել մեր երկրի տարածքում գտնվող բնակավայրերի տեղանունները և լրջորեն ճնշել հայկական անօրինական զորամիավորումների բոլոր սադրիչ գործողությունները, այդ թվում՝ տարածքների ականապատումը»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքով Արցախ զինամթերք տեղափոխելու մեղադրանքներին անդրադարձել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել է ցամաքային ականները, տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ միջազգային գործընկերներին ցույց տալու և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել