1lurer.am: ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին, գործընկերների ուշադրությունն է հրավիրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա:
Նա հայտնել է, որ 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանը սկսել է ՀՀ ինքնիշխան տարածք սողացող ներխուժման գործընթաց: Այդ պահից ի վեր Ադրբեջանի կողմից եղել է երեք խոշոր ռազմական հարձակում, վերջինը՝ այս տարվա սեպտեմբերի կեսերին:
Աղաջանյանը շեշտել է՝ միջազգային հանրությունը ևս միասնական է գնահատականում, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք: Նա, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքներին՝ ռազմական սադրանքներ իրականացնելու վերաբերյալ, նկատել է՝ պնդումը, թե իրենցից վեց անգամ փոքր բանակը ներգրավված է ռազմական սադրանքների մեջ, վիրավորական է տրամաբանության և բանականության համար:
Սահմանազատված սահմանի բացակայության փաստարկն, ըստ Աղաջանյանի, էլ ավելի անհեթեթ է, որովհետև եթե երկու երկրների միջև չկա սահման, տարածքային ամբողջականության սկզբունքը, որը եղել է ադրբեջանական դիվանագիտության հիմնաքարը ԼՂ հակամարտության համատեքստում, լիովին անիմաստ է դառնում:
«Եթե չկա սահման, ապա չկա ճանաչված տարածք: Եթե տարածք չկա, ապա ինչի ամբողջականության մասին էիք խոսում վերջին 30 տարիների ընթացքում»,- նշել է նա:
Աղաջանյանը հայտնել է, թե կցանկանար ԵԱՀԿ հարթակն օգտագործել Ադրբեջանի պատվիրակության հետ կառուցողական երկխոսության համար, բայց վերջիններս չեն կիսում հայկական կողմի խաղաղության օրակարգը, ուստի ցանկացել է, որ ԵԱՀԿ գործընկերները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին պատշաճ կերպով տեղեկացված լինեին:
comment.count (0)