ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել Լոռիում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
17:36 - 26 նոյեմբերի, 2022

ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել Լոռիում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Երեկ Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որի արդյունքում, ըստ որոշ հրապարակումների, քաղաքացիներին հասցվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կիրառվել է արցունքաբեր գազ, Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից, որի համաձայն՝ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։

ՄԻՊ ներկայացուցիչներին ոստիկանությունից նաև բանավոր հավաստիացվել է, որ դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։

Պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջելու նաև քրեական հետապնդման մարմիններից և իր ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման նպատակով։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հայտնել էր, որ ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակիչներից առ այն, որ երեկ մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի են ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից:

«Ըստ քաղաքացու, ում հետ զրուցեցի քիչ առաջ, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել տարեց քաղաքացու հետ, ով պարզապես խնդրել է իր հետ հարգանքով խոսել:
Խոսակցությանը միջամտել է տարեց քաղաքացու տղան, որից հետո միջադեպին միջամտել են ավելի մեծ թվով Պարեկային ծառայության աշխատակիցներ (մեկ տասնյակից ավել), ովքեր, ըստ քաղաքացու, դաժան բռնություն են կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ:

Բռնության հետևանքով 2 քաղաքացի` այդ թվում նաև տարեց քաղաքացու անչափահաս թոռը բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում նաև կոտրվածքներով հայտնվել են հիվանդանոցում:
Ըստ քաղաքացու, այսօր ոչնչացվել են նաև միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը, իսկ իրենց հորդորել են որևէ կերպ չբարձրաձայնել դեպքի մասին:

Քաղաքացին խնդրում էր հնարավորինս հանրային ուշադրություն հրավիրել այս դեպքին:

Հրավիրում եմ ՀՀ ոստիկանության ուշադրությունը, պահանջելով անհապաղ պարզել դեպքի հանգամանքները, նշանակել ծառայողական քննություն, իսկ մինչ քննության ավարտը միջադեպին մասնակցած անձանց թույլ չտալ շարունակել կատարել ծառայողական պարտականությունները:

Հրավիրում եմ նաև իրավապաշտպանների ուշադրությունը, կոչ անելով թույլ չտալ միջադեպի արդյունքում տուժածների նկատմամբ ճնշումների գործադրմանը և օգնել նրանց պաշտպանել սեփական ոտնահարված իրավունքները»,- գրել է Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել