ԱԺԲ-ն հանրահավաք, ապա երթ իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով
20:23 - 26 նոյեմբերի, 2022

ԱԺԲ-ն հանրահավաք, ապա երթ իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով

«Ազգային-ժողովրդավարական բևեռն» այսօր՝ նոյեմբերի 26-ին, հերթական հանրահավաքը, ապա երթ իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով։

Կազմակերպիչների խոսքով՝ այսօրվա հանրահավաքը նվիրված է աշխարհաքաղաքական զարգացումներին ևս, սակայն հիմնական ասելիքը վերաբերելու է Վարուժան Ավետիսյանին, նրա առողջական վիճակին, նրան անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելուն։ 

Անդրադարձավ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին՝ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանն ասաց, որ դրա արդյունքներով Հայայաստանը ոչինչ չստացավ, քանի որ ակնկալում էր հստակ գնահատական գոնե քաղաքական, եթե ոչ ռազմական աջակցության տեսքով․

«Փոխարենը ՀԱՊԿ-ը ստացավ այն, որ ՀՀ-ն մնաց ՀԱՊԿ կազմում և որպես ՀԱՊԿ անդամ՝ հնարավորություն չի ունենա օգտվել Արևմուտքի բազմաթիվ առաջարկներից», - ասաց նա՝ նշելով, որ հիմա քաղաքական շատ գործիչներ՝ այդ թվում ռուսական և ամերիկայն, «հիացած գրառումներ են անում», թե Փաշինյանը չստորագրեց «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, Գասպարյաննի խոսքով՝ Հայաստանն այս քայլով էլ ոչինչ չստացավ։ 

«Երբ հանրային պահանջ է առաջանում Հայաստանում, Կրեմլը միշտ ինչ-որ խաղ է գտնում Փաշինյանի հետ, որ չեզոքացնի այն։ Պատերազմից հետո առաջացել էր Փաշինյանի հեռացման հանրային պահանջ, որը չեզոքավեց Քոչարյանի, նիախկինների միջոցով, Նիկոլը գնա նախկինները հետ կգան և այլն։ Հիմա ՀԱՊԿ-ից դուրս գալու հանրային պահանջը վարպետորեն չեզոքացնում են այս էժան Նիկոլ-Պուտին-Լուկաշենկո խաղերով», - հանրահավաքի իր ելույթում նշեց ԱԺԲ խորհրդի անդամը։

ԱԺԲ համակիր Աննա Հարությունյանը անդրադարձավ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդրին․

«Հուսով եմ՝ ամբողջ ազգն է գիտակցում, որ կշեռքի նժարին դրված է մարդու լինել-չլինելու հարցը։ Բավակա՛ն է, համախմբվենք մեկ մտքի շուրջ, հասկացե՛ք՝ մարդու իրավունքներ են խախտվում։ Ռեժի՛մ, զգուշացի՛ր և վախեցի՛ր ազգային գաղափարը կրող երիտասարդներից»։

Ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցները երթ իրականացրին․ այսօրվա երթը Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով էր։

Գլխավոր լուսանկարը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել