Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրին ՄԱԿ գրասենյակի մոտ՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի |news.am|
13:33 - 28 նոյեմբերի, 2022

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրին ՄԱԿ գրասենյակի մոտ՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի |news.am|

news.am: Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 28-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ ընդդեմ Սիրիայում թուրքական ագրեսիայի:

ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը հայտարարեց. «Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Սիրիայում եւ Իրաքում քուրդ ժողովրդի դեմ Թուրքիայի կատարած ոճրագործությունների ու հանցագործությունների: Մենք այսօր ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում կազմակերպեցին պայթյուն, որի հետեւանքով 4-5 զոհ եղավ, դեռ դա չվերջացրած, Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե այդ գործում իրենց ձեռքն ունեն Քրդական բանվորական կուսակցությունը եւ Սիրիայի քրդերը: Դրա համար Էրդողանն ասաց՝ պետք է հարձակվենք Սիրիայի քրդերի վրա, իբր տեռորի դեմ առնելու համար: Էրդողանն ասում է՝ բոլոր քրդերին պետք է ոչնչացնենք՝ անկախ նրանից, նրանք գտնվում են Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում, թե Իրանում: Բայց աշխարհի ամենահզոր տեռորիստները թուրքական իշխանություններն են:

Այսօր մենք քուրդ ժողովրդի 4 մասերին կոչ ենք անում, որ միասնական դառնան եւ թուրքական այս ցեղասպանության դեմն առնեն: Մենք կոչ ենք անում նաեւ միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի գրասենյակից, աշխարհի առաջադեմ մարդկությանը, որ ձեռք մեկնեն ու բռնեն թուրքական իշխանության ցեղասպան ձեռքը, որ ոճնագործություն է անում 40-50 միլիոնանոց քուրդ ժողովրդի նկատմամբ»,-ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ Թուրքիան այսօր գրավել է Սիրիայի քրդերի խոշոր 4-5 քաղաքներ. «Քուրդ ժողովուրդն այսօր գտնվել է վիրավոր վիճակում, մահցած վիճակում, ու դա միջազգային հանրությանը չի հետաքրքրում: Նւոյնը բանը տեսնում ենք Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ: Մենք մեր ձայնն ենք բարձրացնում հայ ժողովրդի համար, մենք որպես ՀՀ քաղաքացիներ, ուզում ենք, որ աշխարհը տեսնի այս հանցագործությունները:

Ցավոք, մենք տեսնում ենք, որ գերտերություններն ամեն ինչ անում են իրենց շահերի համար: մենք այսօր նորից ՄԱԿ-ի գրասենյակին կոչ ենք անում իրենց ձայնը բարձրացնել»,- ասաց Կնյազ Հասանովը:

Ակցիայի ժամանակ քրդական համայնքի ներկայացուցիչներն այրեցին Թուրքիայի դրոշը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել