factor.am: Թուրքիան անզիջում պայքար է մղելու «ահաբեկչական YPG/PKK-ի կազմակերպությունների» դեմ, քանի դեռ չի չեզոքացվել այդ խմբավորումների վերջին զինյալը։Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո տեսաուղերձում, գրում է Անադոլու գործակալությունը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան նախկինի պես լի է վճռականությամբ իր հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում, որն իրենից ենթադրում է Սիրիայում նոր ռազմական գործողության իրականացում։ Ի դեպ, այս մասին Թուրքիայի նախագահը մի քանի ամիս է ինչ խոսում է։
Նրա խոսքով՝ Անկարան մտադիր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել իր սահմանների պաշտպանության համար։ Նա նաև մատնանշել է մի շարք երկրների կողմից Սիրիայի հյուսիսում PYD, YPG կամ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անունների ներքո հանդես եկող PKK-ին աջակցության «անթույլատրելիությունը»։ Այստեղ Էրդողանը ակնարկել է ԱՄՆ-ին։ Խոսելով Իրաքի ու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ՌՕՈՒ-ի հարավծների մասին՝ նա ասել է․ «Որևէ մեկին չպետք է անհանգստացնեն Թուրքիայի ռազմական գործողությունները՝ ուղղված անվտանգության ու խաղաղության ամրապնդմանը։
Ոչ ոք չի կարող դատարկ սպառնալիքներով ստիպել մեր երկրին քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական ոլորտներում իր շահերին հակասող դիրք գրավել։ Ոչ ոքի չպետք է մտահոգի Թուրքիայի քաղաքականությունը հենված արդարության, համերաշխության և դիվանագիտական նախաձեռնությունների վրա, որոնք հիմնված են բարեկամության և համագործակցության սկզբունքների վրա»։
comment.count (0)