Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերն ավելի զգայուն են գենդերային բռնության հարցերի նկատմամբ. Արփինե Սարգսյան
16:55 - 30 նոյեմբերի, 2022

Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերն ավելի զգայուն են գենդերային բռնության հարցերի նկատմամբ. Արփինե Սարգսյան

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ողջույնի խոսքով է հանդես եկել կին իրավապաշտպանի միջազգային օրվան նվիրված՝ «Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» թեմայով ազգային համաժողովին։ Այս մասին հայտտում են Արդարադատության նախարարությունից։ 

Սարգսյանը նշել է, որ գենդերային բռնության դեմ պայքարը ենթադրում է երեք հենասյուներով հետևողական աշխատանք՝ օրենսդրական դաշտի կատարելագործում, պրակտիկների կարողությունների զարգացում և իրազեկման միջոցառումների իրականացում, և այս առումով Կառավարությունը գործողությունների մեծ օրակարգ ունի։

Փոխնախարարը հատուկ անդրադարձ է կատարել քրեական արդարադատության ոլորտում Կառավարության որդեգրած քաղաքականությանը՝ նշելով, որ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերն ավելի զգայուն են գենդերային բռնության հարցերի նկատմամբ և նախատեսում են համարժեք կառուցակարգեր։

Արփինե Սարգսյանը նշել է նաև, որ մշակվող քաղաքականությունը լիարժեք կյանքի կոչելու համար  կարևոր է քաղաքացիների և հատկապես բռնության զոհերի արձագանքը՝ բռնության դեպքերը վեր հանելու և դրանց հասցեագրումն ապահովելու համար։ Քաղաքացիների շրջանում բռնության նկատմամբ ընդհանուր բացասական և ոչ անտարբեր ընկալման ձևավորման նպատակով էլ նախարարության կողմից իրականացվել են իրազեկման արշավներ։

Համաժողովին ողջույնի խոսքով են հանդես եկել նաև ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը, ԵԽ հայաստանյան ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը։
Համաժողովը կազմակերպվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կին իրավապաշտպանները պայքարում են ընդդեմ գենդերային բռնության» ծրագրի շրջանակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել