Կործանված ինքնաթիռը Երևանից ուղևորվում էր Աստրախան.  քաղավիացիայի կոմիտեն մանրամասներ է հայտնում
15:57 - 01 դեկտեմբերի, 2022

Կործանված ինքնաթիռը Երևանից ուղևորվում էր Աստրախան. քաղավիացիայի կոմիտեն մանրամասներ է հայտնում

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռը Երևանից ուղևորվում էր Աստրախան: Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ 
 
«Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:
 
Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:
 
Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:
 
Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ»,- ասված է գրառման մեջ։ 
 
Հիշեցնենք, որ ԱԻՆ հաղորդմամբ՝ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել