Վարչապետի հասցեին բռնության կոչերի համար պատմության նախկին ուսուցիչը դատապարտվեց 150 հզ դրամ տուգանքի
17:01 - 01 դեկտեմբերի, 2022

Վարչապետի հասցեին բռնության կոչերի համար պատմության նախկին ուսուցիչը դատապարտվեց 150 հզ դրամ տուգանքի

Վարչապետի հասցեին բռնության կոչերի համար պատմության նախկին ուսուցիչը դատապարտվեց 150 հզ դրամ տուգանքի: 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր հրապարակեց Երևանի թիվ 129 հիմնական դպրոցի պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով դատավճիռը։ 

Դատարանը  Գրիգորյանին մեղավոր ճանաչեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի հասցեին բռնության հրապարակայի կոչեր անելու մեջ՝ դատապարտելով 150 հազար դրամ տուգանքի։

Հիշեցնենք՝  Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ եւ քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Դատավճռին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ գրելով․ «Հաշվի առնելով դատավորի հետագիծն ու հանրային ընկալումը՝ մեղադրական դատավճիռը մեզ համար անակնկալ չէր։ Մենք բնականաբար համաձայն չենք դատավճռին, և վստահորդիս հետ կքննարկենք դատական ակտի  բողոքարկման հարցը միայն դրա ամբողջական տեքստը ստանալուց հետո. մեզ շատ հետաքրքիր է, թե ինչ փաստարկներով է դատարանը հերքել մեր պնդումները»,- նշել է Մելիքյանը՝ հավելելով․ «Այս գործը իրավապաշտպանական հիմունքով ստանձնել եմ շուրջ տասը ամիս առաջ՝ լրագրողների «ահազանգով» առ այն, որ ն.փաշինյանի նկատմամբ «բռնության կոչի» համար դատարանի առջև է կանգնել մի ուսուցիչ, որը պաշտպան չունի։ Հավատամքս այն է, որ Հայրենիք հանձնողների դեմ արտահայտվող ու դրա համար ռեժիմի կողմից հետապնդման ենթարկվող ոչ ոք չպետք է իրեն միայնակ ու լքված զգա, և ուժերիս ներածին չափով փորձում եմ ապահովել այդ գաղափարը»․- ասված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել