Վնաս, որպես այդպիսին, չկա հասցված քաղաքին․ Ավինյանը՝ քաղաքի տոնական ձևավորման մասին
11:38 - 02 դեկտեմբերի, 2022

Վնաս, որպես այդպիսին, չկա հասցված քաղաքին․ Ավինյանը՝ քաղաքի տոնական ձևավորման մասին

Քաղաքը, որպես այդպիսին, վնաս չի կրել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե, տոնական ձևավորման հետևանքով որքան վնաս է կրել քաղաքը։ 

«Թեմաները, որոնք շրջանառվում են նաև համացանցում, նկարները, պատկերները, որոնք կապվել են այն աշխատանքների հետ, որ իրականացրել է քաղաքապետարանը, դա իրականության հետ գրեթե կապ չունի, այն մեծ փոսերը, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջ «բոլտը», դա մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունի։ Այո՛, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել, և այդ վնասները նույնպես մենք մեր այս աշխատանքի ընթացքում արձանագրել ենք և գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ նաև այդ հարցերին, բայց, որպես այդպիսին, իրականացվել է նվազագույն միջամատություն լուսավորության տեղադրման համար։ Վնաս, որպես այդպիսին, չկա հասցված քաղաքին»,- ասաց Տիգրան Ավինյանը։ 

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ խորը հետաքննության կարիք չկա, որպեսզի հասկացվի, թե այդ անցքերը, ձողերը կապ ունեն քաղաքապետարանի նախագծի հետ, թե ոչ։

«Եթե վրան լուսավորություն կախված է, ուրեմն կապ ունի, եթե կախված չէ, ուրեմն կապ չունի։ Այսինքն՝ անգամ այդ բոլտը, որը զարդանախշի վրա էր, հարց է առաջանում, եթե քաղաքապետարանն է արել, լավ, բա ու՞ր է վրայի լուսավորությունը»,- ասաց Գրիգորյանը։ 

Լրագրողի դիտարկմանը, թե խոսքը հների մասին չէ, կան նոր անցքեր, որտեղ լուսավորություն է անցկացվել, արդյո՞ք դրանք վնաս չեն շենքին, փոխքաղաքապետ Գրիգորյանը ասաց․

«Մենք ասացինք, որ ոչ, վնաս չի, այն միջամտությունն է, որը ողջամիտ էր և անհրաժեշտ էր այդ զարդարանքի համար, և որի ոչ թե վնասները, այլ հետևանքները վերացվելու են»,- նշեց նա։ 

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, թե ինչն է ներկայացվում որպես աշխատանք․ «Այն, որ զարդանախշերի վրա չի կարելի որևէ բան անցկացնել դա բազմիզս կապալառուի հետ քննարկվել է ու հատուկ նշվել է, որ  ի վերջո զարդանախշերն են պայմանավորում այդ շենքերի պատմամշակութային արժեք լինելը։ Ուստի այն ծակերը, որոնք արվել են և մենք չենք հերքում, որ արվել են, դա ուրիշ է, զարդանախշի մեջ մխրճված հեղույսը՝ ուրիշ է»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել