Ե՛վ Էդգար Ղազարյանը, ե՛ւ Դավիթ Խաժակյանը սխալվում են․ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հետքերով
17:12 - 03 դեկտեմբերի, 2022

Ե՛վ Էդգար Ղազարյանը, ե՛ւ Դավիթ Խաժակյանը սխալվում են․ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հետքերով

Երեւանի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի եւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի միջեւ օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ է ծավալվել, որի ընթացքում երկուստեք խնդրահարույց պնդումներ են արվել։

Մասնավորապես, խոսելով Արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին՝ Դավիթ Խաժակյանն ասել է․ «Իսկ այն, որ այդ հարցը (նկատի ունի Արցախի հարցը,- հեղ․) մեզ համար շատ կարեւոր է, վկայում է հենց այն, որ մեր կուսակցության կառավարման խորհրդի նախագահը (նկատի ունի Էդմոն Մարուքյանին- հեղ․) անձամբ ներգրավված է այդ խնդիրներում, իր հնարավոր բոլոր ռեսուրսները ներդնելով՝ աշխատում է, խոսքը, իհարկե, գիտեք՝ ինչի մասին է»։  [4։56]

Արձագանքելով նրա այս հայտարարությանը՝ Էդգար Ղազարյանն անդրադարձել է Մարուքյանի՝ կուսակցական լինելու հանգամանքին․ «Ձեր կուսակցության խորհրդի նախագահը իրավունք չունի էն ձեւով ներգրավված լինել, որով ներգրավված է, որովհետեւ նա, լինելով կուսակցության ղեկավար, զբաղեցնում է դեսպանի պաշտոն, ինչը հակասում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքին։ [5։11]

Խաժակյանն էլ հակադարձել է՝ ասելով․ «Կարծում եմ՝ Դուք լավ գիտեք, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը չի ենթադրում բոլոր այն սահմանափակումները, որ նշեցիք, եւ սա նման չէ այն ժամանակահատվածին, երբ, օրինակ, Դուք, լինելով կուսակցության անդամ, գնացել, զբաղեցրել եք դեսպանի պաշտոն, եւ հիմա էլ պնդում եք, թե դեսպանը պետք է լինի ապաքաղաքական»։  [6։01]

Ղազարյանն էլ պնդել է իր տեսակետը․ «Ես իմանալով եմ ասում, դեսպանի պաշտոն զբաղեցնելուց հետո իմ կուսակցական լինելը սառեցվել է»,- նշել է նա։ [6։24]

Infocom-ը ուսումնասիրել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը, ինչպես նաեւ պարզել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք Խաժակյանի եւ Ղազարյանի հիշյալ պնդումները։

Ինչ է ասում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի տեքստից պարզ է դառնում, որ օրենքի իմաստով դիվանագետ է դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոններ եւ դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձը, որը,  44-րդ հոդվածի համաձայն, իրավունք չունի, ի թիվս այլնի, խախտելու  քաղաքական զսպվածության սկզբունքը`  զբաղվելու կուսակցական գործունեությամբ։

Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան (կամ Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք):

Տվյալ դեպքում անհրաժեշտ է հասկանալ՝ հատուկ հանձնարարություններով դեսպանը օրենքի իմաստով համարվո՞ւմ է դիվանագետ, ըստ այդմ՝ նրա վրա տարածվո՞ւմ են դիվանագետի համար 44-րդ հոդվածով նախատեսված հիշյալ սահմանափակումները թե՞ ոչ։

Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է դիվանագիտական պաշտոնները եւ դիվանագիտական ծառայության պաշտոնները։ Ըստ այդմ, արտաքին գործերի նախարարության համակարգի պաշտոնները դասակարգվում են ըստ քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոնների եւ դիվանագիտական ծառայության պաշտոնների: Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, որը զբաղեցնում է Էդմոն Մարուքյանը, հայեցողական պաշտոն է։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայեցողական պաշտոնները, ի թիվս մյուս դասակարգի պաշտոնների, համարվում են դիվանագիտական պաշտոններ, եւ այդ պաշտոններում նշանակված անձանց պաշտոնավարման ժամանակահատվածը հավասարեցվում է դիվանագիտական ծառայությանը, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն նույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճաններ: 

Էդմոն Մարուքյանը նշանակումից հետո չի ստացել դիվանագիտական աստիճան, հետեւաբար նրա զբաղեցրած հայեցողական պաշտոնը չի հավասարեցվում դիվանագիտական պաշտոնին, ինչից էլ հետեւում է, որ նա օրենքի իմաստով դիվանագետ չէ, ուստի նրա վրա չի տարածվում կուսակցական գործունեությամբ չզբաղվելու արգելքը։ 

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից եւս հայտնել են, որ վերոնշյալ իրավանորմերի հիման վրա հատուկ հանձնարարություններով դեսպանի համար չեն կարող գործել քաղաքական զսպվածության վերաբերյալ կարգավորումները։ ԼՀԿ-ից հավելել են, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի իմաստով եւս պետական հայեցողական պաշտոն է, որի դեպքում նշանակումը կատարում է վարչապետը՝ օրենքով նախատեսված դեպքերում․ «Տվյալ պաշտոնն ընդգրկված է այնպիսի պաշտոնների անվանացանկում, որոնցից շատերի համար բացարձակապես գոյություն չունի քաղաքական զսպվածության որեւէ պահանջ»,- նշել են կուսակցությունից՝ հայտնելով, որ ըստ այդմ, Էդմոն Մարուքյանը երբեք չի դադարեցրել կամ կասեցրել իր անդամակցությունը կուսակցությանը եւ այժմ էլ հանդիսանում է կուսակցության նախագահը։

Էդգար Ղազարյանի կուսակցական անդամությունը կասեցված է եղել

Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանին, նա Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել 2014 թվականի հոկտեմբերի 23-ին Նախագահի հրամանագրով։

Այդ ժամանակ գործող «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը դասվում էր հայեցողական պաշտոնների շարքին (վարչական պաշտոններ դասակարգը այդ ժամանակ սահմանված չէր), եւ դարձյալ նշվում էր, որ հայեցողական պաշտոնները համարվում են դիվանագիտական պաշտոններ, եթե դրանցում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճաններ:

Էդգար Ղազարյանին արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար դիվանագիտական աստիճանը շնորհվել է միայն 2018 թ․ մարտի 1-ին, հետեւաբար նշանակման պահից մինչ այդ օրը օրենքի իմաստով նա եւս դիվանագետ չի համարվել։ Դրանից հետո՝ արդեն 2018 թ մատրի 1-ից մինչ պաշտոնավարման ավարտը՝ 2018 թ․ նոյեմբերի 13-ը, նրա վրա տարածվել է կուսակցական գործունեությամբ չզբաղվելու արգելքը,  որովհետեւ նա, ունենալով դիվանագիտական աստիճան, համարվել է դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձ։ 

Այնուհանդերձ, մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-ից հայտնել են, որ Էդգար Ղազարյանի կուսակցական անդամությունը կասեցվել է հենց պաշտոնի նշանակման օրը։ Ըստ ՀՀԿ-ի՝ Ղազարյանը կուսակցությանն անդամագրվել է 2007 թվականի սեպտեմբերի 3-ին, իսկ 2014 թ հոկտեմբերի 23-ից «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն (խոսքը հիշյալ՝ կուսակցական գործունեությամբ չզբաղվելու պահանջի մասին է,-հեղ․) օրենքի ուժով  նրա անդամությունը կասեցվել է․ «Ղազարյանը կուսակցության անդամության կասեցումը հանելու դիմում չի ներկայացրել, ուստի ներկայումս չի հանդիսանում ՀՀԿ անդամ»,- ասված է պատասխանում։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ե՛ւ Էդգար Ղազարյանը, ե՛ւ Դավիթ Խաժակյանը սխալվում են․ Էդմոն Մարուքյանը, կուսակցության կառավարման խորհրդի ղեկավար եւ միաժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպան լինելով, չի խախտում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի պահանջները, իսկ Ղազարյանի կուսակցական անդամությունն էլ որպես դեսպան պաշտոնավարման ժամանակ կասեցված է եղել։

 

Միլենա Խաչիկյան




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել