Դեպի Հայաստան միակ ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը ձգտում է հասնել մարդասիրական աղետի ու էթնիկ զտման ԼՂ-ում․ Արտակ Բեգլարյան
14:30 - 03 դեկտեմբերի, 2022

Դեպի Հայաստան միակ ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը ձգտում է հասնել մարդասիրական աղետի ու էթնիկ զտման ԼՂ-ում․ Արտակ Բեգլարյան

Արցախում 120000 մարդ այս պահին Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է։ Այս մասին Twitter-ում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Նա նշել է, որ դեպի Հայաստան միակ ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը ձգտում է հասնել մարդասիրական աղետի ու էթնիկ զտման Լեռնային Ղարաբաղում․

«Սա պետք է խստորեն պատժվի»,- գրել է Բեգլարյանը՝ նշելով «պատժամիջոցներ [ընդդեմ] Ադրբեջանի» հեշթեգը։

Քիչ անց Բեգլարյանը հավելել է նաեւ, որ այս քայլն ուղղված է նաեւ ռուս խաղաղապահների դեմ։ Նա նշել է, որ Արցախի ու Հայաստանի միջեւ կապը, եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։

«Այսպիսով, Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի խաղաղ բնակչության և խաղաղապահների դեմ։ Հուսով եմ, որ ճանապարհային հաղորդակցությունը կվերականգնվի»:

Ավելի վաղ՝ կեսօրն անց, Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել