ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանը հավաստիացրեց՝ ընտրվելու դեպքում պարտականությունները  կիրականացնի բացառապես օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա
10:50 - 06 դեկտեմբերի, 2022

ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանը հավաստիացրեց՝ ընտրվելու դեպքում պարտականությունները կիրականացնի բացառապես օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա

Սահմանադրությունը հռչակում է, որ ՀՀ իրավական համակարգում դատական իշխանության անկախությունը ապահովում է Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը նշանակում է, որ արդարադատություն իրականացնելիս դատարանի գործունեությանը ցանկացած թե արտաքին, թե նույն դատական իշխանության կողմից ներքին որևէ ներգործություն կամ միջամտություն արգելվում է։ Այս մասին ԱԺ-ում՝ ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկման ընթացքում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը։ 

«Այս դրույթը ամագրված է Սահմանադրության 162-րդ հոդվածում, որը ոչ միայն սահմանում է, որ ՀՀ-ում արդարադատությունն իրականացվում է դատարանների կողմից և բացառապես Սահմանադրության և օրենսդրությանը համապատասխան, այլև, որ արդարադատություն իրականացնելիս դատարանի գործունեությանը որևէ միջամտություն արգելվում է»։

Գրիգորյանի խոսքով՝ նշված սահմանադրական դրույթը գործնականում նշանակում է, որ պետք է բացառվեն օրենքի ոչ միատեսակ կիրառումը, դատական ակտերի անկանխատեսելիությունը, չպատճառաբանված դատական ակտերը, կամայականությունները, խտրականությունները, այսինքն՝ միևնույն կամ համանման իրավիճակում տարբերակված մոտեցումները, իսկ առանձին դեպքերում նաև՝ ուղղակի բացահայտ ապօրինությունները․ «Միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, որ դատավորը պետք է կաշկանդված լինի կամ կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել օրենքի ազատ մեկնաբանությունների, փաստերին կամ ապացույցներին անձնական գնահատական տալու, այսինքն՝ գործի փաստական հանգամանքները ներքին համոզմամբ գնահատելու համար»։ 

Թեկնածուն նշեց՝ ԲԴԽ սահմանադրական նպատակից բխող խնդիրների, դրանց իրացման ուղիների, դրանցով պայմանավորված լիազորությունների ապահովումն արտահայտվում է մի շարք այլ իրավակարգավորումներով, որոնց շարքին, ի թիվս, այլնի, կարելի է դասել նաև ԲԴԽ կազմի և կազմավորման կարգի ինստիտուտը, դատավորների ընտրության և առաջխաղացման մեխանիզմները, դատավորներին կարգապահական պատասխանտվության ենթարկելու և այլ երաշխիքների ինստիտուտները․ «Նշված դրույթները ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության անկյունաքարային հիմքերից մեկն են։ Հետևաբար, կենսական անհրաժեշտություն է առաջանում ապահովել ԲԴԽ անդամի լիազորությունները, որպեսզի վերջինս իր արդար քվեարկության միջոցով, անաչառ պատշաճ և վճռականորեն իրականացնելով իր լիազորությունները բարձրացնի քաղաքացիների վստահությունը դատական իշխանության նկատմամբ»։ 

Եզրափակելով ելույթը՝ Գրիգորյանն ասաց՝ ընտրվելու դեպքում պարտավորվում է պարտականությունները իրականացնել օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել