Նախատեսվում է մինչև 2024 թ․-ի հունվարի 1-ը դադարեցնել կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծի հիմնական զեկուցող, փոխոստիկանապես Արա Ֆիդանյանն ասաց՝ օրինագծերի նախապատրաստումը պայմանավորված է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու համար: Բացի այդ, օրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է եւ աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը:
Ֆիդանյանը նշեց՝ նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թ․ի դեկտեմբերի 25-ի 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ․-ի դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագրի սահմանում։
«Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թ-ի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը 2023 թ․-ի փետրվարից 25-ից։ Ժամանակավորապես, մինչև 2024 թ․-ի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղխումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը»։
comment.count (0)