Աղետի գոտում 5300-ից ավելի ընտանիքի բնակարանային պայմանները բարելավվել են. պետական ծրագիրն ավարտվում է |armenpress.am|
13:13 - 06 դեկտեմբերի, 2022

Աղետի գոտում 5300-ից ավելի ընտանիքի բնակարանային պայմանները բարելավվել են. պետական ծրագիրն ավարտվում է |armenpress.am|

armenpress.am: Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով իրականացվող պետական ծրագիրը մոտենում է ավարտին: 2008 թվականից մեկնարկած ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի 5419 ընտանիք շահառու է դարձել: 

«Նշվածից  5391 ընտանիք, նախորդ տարիներին հատկված շուրջ 70 մլրդ դրամի շրջանակում, արդեն լուծել է իր բնակարանային խնդիրը: Դեռևս լուծման կարիք ունի Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքի բնակարանային խնդիրը: Նշեմ, որ այս ընտանիքները նախընտրել են, որ իրենց բնակարանային խնդրի լուծումը դիտարկվի Կապսի ջրամբարի շրջակայքում նոր գյուղի կառուցման ծրագրի շրջանակներում: Այսպիսով, կարող ենք ասել, որ բոլոր շահառու ճանաչած ընտանիքների նկատմամբ պետության ձևավորված պարտավորությունները կհամարվեն ավարտված»,- այս մասին ասուլիսում նշեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ դեռ կան բնակարանային ապահովման ծրագրից դուրս մնացած ընտանիքներ, որոնք բողոքարկում են ու դատական կարգով վերականգնում են իրենց իրավունքը: Այն ընտանիքները, որոնք վերականգնում են բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը, նրանց բնակարանային խնդիրները լուծվելու են բնակարանների գնման վկայագրի միջոցով: Բացառություն կկազմեն գյուղական բնակավայրերում 1 սենյակի հավակնող ընտանիքները, որոնց կտրվի ուղղակի ֆինանսական աջակցություն 3 մլն դրամի չափով: 2021 թվականին իրավունքները վերականգնած 16 այդպիսի ընտանիք է եղել:

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է պետության կողմից տրված գումարը բավարար՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գնային նկատելի տատանումները, Տանյա Արզումանյանը նշեց, որ կառավարության որոշմամբ ամրագրվել է, որ ֆինանսական հատկացման ժամանակ հիմք են ընդունվում տվյալ պահի շուկայական գները, որոնք ներկայացվում են ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել