Կստեղծվի նոր արտաքին հետախուզական ծառայություն, որը կգործի վարչապետի ենթակայության ներքո
 |armtimes.com|
12:17 - 08 դեկտեմբերի, 2022

Կստեղծվի նոր արտաքին հետախուզական ծառայություն, որը կգործի վարչապետի ենթակայության ներքո |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն, որը կգործի վարչապետի ենթակայության ներքո։ ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ պաշտպանության նախարարությունում, թե՛ ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն»,- ասաց նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը:

Ըստ նրա՝ արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին:

«Նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»,- նշեց Մինասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ արտաքին հետախուզության մեթոդներն էական փոփոխություններ են ապրում, և կարևոր է, որ Հայաստանը կարողանա արդի պայմաններին համահունչ զարգացնել իր կարողությունները. «Աշխարհում հետախուզական մեթոդները, բանաձևերը զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ, ուստի, այս առումով, մենք որոշում ենք կայացրել ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել