armtimes.com: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ Վաշինգտոնում «համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։
Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հաջիևը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Արմեն Գրիգորյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ, քանի որ «դա Ադրբեջանի ներքին գործն է»։ Միժամանակ, Հաջիևն ասել է, որ նման հարց քննարկվել է, սակայն որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:
«Հայտարարությունները, թե իբր Վաշինգտոնում ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ միջազգային մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ, կեղծ են։ Բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։
Ադրբեջանը մտադիր չէ այդ հարցը քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ այլ պետությունների ու կազմակերպությունների հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ հավելելով, որ «հայկական կողմը փորձում է միտումնավոր խափանել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և ստեղծել միայն բանակցությունների տպավորություն»:
Նշենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցի մասին խոսել է երեկ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Գրիգորյանը նաև ասել է. «Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա ԼՂ-ի և Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ: Դա կարող է ֆիքսվել խաղաղության պայմանագրով, կարող է միջազգային այլ մեխանիզմով ֆիքսվել»:
comment.count (0)