Կունենանք ոստիկանության ոլորտի բարեփոխումների քաղաքական պատասխանատու՝ ի դեմս ներքին գործերի նախարարի. Արփինե Սարգսյան
15:10 - 09 դեկտեմբերի, 2022

Կունենանք ոստիկանության ոլորտի բարեփոխումների քաղաքական պատասխանատու՝ ի դեմս ներքին գործերի նախարարի. Արփինե Սարգսյան

Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ 

«Սա պարզապես հերթական նախարարության ստեղծումը չէ և բովանդակային առումով ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացում և նաև քաղաքացիական վերահսկողության իրականացում։ Ընդ որում, պետք է նշեմ, որ եվրոպական և հետխորհրդային ավելի քան 30 երկրների փորձի ուսումնասիրությունը մեզ թույլ է տալիս պնդել, որ ոստիկանական այսպիսի համակարգերում ոստիկանությունը հիմնականում քաղաքացիական նախարարության ենթակայության ներքո է գործում և, ըստ այդմ, ապահովում է ոլորտի համապարփակ կատարելագործումը և զարգացումը»,-ասաց Սարգսյանը։

Փոխնախարարը ընդգծեց՝ ոստիկանությունը չունի իր քաղաքականության մշակման համար պատասխանատու սուբյեկտ, և ինքնակատարելագործման ճանապարհով է գնում․ «Թե՛ փորձագիտական կարծիքը, թե՛ միջազգային փորձը մեզ թույլ է տալիս նշել, որ նույն կառույցը թե իր թերությունները, թե իր կարգավորումները ավեի լավ առաջ տանելու հետ կապված մոդելային առումով լավագույն լուծումը չէ, հետևաբար պետք է տարանջատվի քաղաքականության մշակման ֆունկցիան և քաղաքականության իրականացման ֆունկցիան»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ գերատեսչության ստեղծման դեպքում ոստիկանության ոլորտի բարեփոխումների համար կլինի պատասխանատու՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության, և կլինի ոլորտի քաղաքական պատասխանատու՝ ի դեմս ներքին գործերի նախարարի։ 

Նա նաև նշեց՝ ժողովրդավարական երկրներում ներքին գործերի նախարարությունները թույլ են տալիս ունենալ ոստիկանության զարգացում՝ որպես մասնագիտացված կառույց, այլ ոչ որպես ուժային կառույց, որը երկրում որոշակի պատժիչ ֆունկցիա է իրականացնում։ 

Սարգսյանը տեղեկացրեց, որ ստեղծվելիք նախարարության մեջ երեք ծառայություններ են ամփոփվելու՝ Փրկարար ծառայությունը, ոստիկանությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել