Ադրբեջանցիները դարձյալ փակել են Լաչինի միջանցքը
10:47 - 12 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանցիները դարձյալ փակել են Լաչինի միջանցքը

Ադրբեջանցիները դարձյալ փակել են Լաչինի միջանցքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Նշվում է, որ ադրբեջանցի իբր «էկոակտիվիստները» պահանջում են հանդիպում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Նրանք պնդում են, թե շաբաթ օրը խափանվել է բնապահպանական մոնիթորինգը, որը պետք է իրականացվեր Արցախի հանքավայրերում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։ 

Արցախի բնապահպանության կոմիտեն հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի՝ ընդերքի մասին օրենսգրքով, և որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով։ 

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց, որ հանդիպում են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, որի ժամանակ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման ու այդ գործունեության հետևանքների առնչությամբ»։ Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ մի խումբ ադրբեջանցիների երկրորդ հանդիպումը Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, որի ժամանակ մի քանի լրագրողներ փորձել էին ներկա գտնել քննարկումներին, սակայն նրանց մուտքը արգելվել էր։

Իսկ դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախում տեղակայված՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրել է այցելություն իրականացնել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր, սակայն հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել