Քաղաքապետին զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023թ. սկզբին կլինեն Երևանում
14:04 - 12 դեկտեմբերի, 2022

Քաղաքապետին զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023թ. սկզբին կլինեն Երևանում

Համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023թ. տարեսկզբին արդեն կլինեն Երևանում: Շարժակազմի շահագործումն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ նախագծային աշխատանքներ կիրականացվեն: Զեկուցվել է, որ նոր խողովակաշարերի անցկացման և ջրատարերի ընդլայնման նպատակով հրատապության կարգով ընտրվել են մի շարք հասցեներ:

Որպեսզի մայրաքաղաքի նորոգված փողոցներն այլևս չքանդվեն, մատակարար ընկերությունները կատարվող աշխատանքների վերաբերյալ պետք է նախապես ցանկ ներկայացնեն: Հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ մինչ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերի մեկնարկը՝ մատակարար ընկերություններն ավարտեն հաղորդուղիների ու հաղորդալարերի փոխարինումը:

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:

Զեկուցվել է, որ բազայում առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 95 %-ն արդեն ծանուցվել է:

Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված կարգի համաձայն, տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը: Պարտադիր նորմերը չկատարելու դեպքում, ի դեպ, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված է տուգանք:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել