Այս պահի դրությամբ 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա ցուրտ պայմաններում․ Գեղամ Ստեփանյան
15:55 - 13 դեկտեմբերի, 2022

Այս պահի դրությամբ 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա ցուրտ պայմաններում․ Գեղամ Ստեփանյան

Մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքը հստակ ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվի կենսաապահովման համար անհրաժեշտ պայմանները, իսկ մենք տեսնում ենք, որ 24 ժամ շարունակ խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը։ Այսօր Երևանում՝ Արմենպրեսի մամուլի ակումբում, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միջանցքում ստեղծված իրավիճակին։ 

«Դա իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ և նրա հրահանգներով։ Այն թեզերը, որ շրջանառվում են, իբր բնապահպանական հարցեր, ամբողջովին կեղծ են, և կա տեղեկություն, որ այդ ճանապարհը փակողները հիմնականում Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղղորդվողներն են, այդ թվում՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչ հումանիտար հետևանքներ ունեն ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակումը, Գեղամ Ստեփանյանն ասաց, որ 24 և ավելի ժամ դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումը ամբողջ Արցախի տարածքում․ «Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ահազանգեր է ստանում, որ բժշկական հաստատությունններում առկա դեղորայքային պաշարը մի քանի օրվա պաշար է և նման ձևով շարունակվելու դեպքում կանգնելու ենք այս հարցում շատ լուրջ խնդիր առաջ։ Նույնը վերաբերում է սննդամթերքի մատակարարումներին և էներգակիրների մատակարումներին, կոնկրետ բենզինի և դիզվառելիքի մասին է խոսքը»։

Գեղամ Ստեփանյանն ընդգծեց՝ 1100 մարդ այս պահի դրությամբ մնացել է ճանապարհներին ձմեռվա  ցուրտ պայմաններում, այդ թվում՝ 270 երեխաներ․ «Նրանք զրկվել են իրենց ընտանիքների հետ միանալու իրավունքից, այսինքն՝ կտրված են իրենց ընտանիքներից»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել