Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ՌԴ խաղաղապահ զորախումբը» |armtimes.com|
14:05 - 14 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ՌԴ խաղաղապահ զորախումբը» |armtimes.com|

armtimes.com: Բաքուն «անհիմն» է որակում Լաչինի միջանցքը փակելու և հումանիտար աղետ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի «մեղադրանքները»:

Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Հակադարձելով երեկ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման համար միջազգային մեխանիզմ ստեղծելու կոչերը անընդունելի են, քանի որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է»:

«Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, և այնտեղ ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կերաշխավորվեն Ադրբեջանի օրենքներով ու Սահմանադրությամբ»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն:

Արտգործնախարարությունը նաև կտրականապես հերքել է մեղադրանքները, թե կապ ունի Հայաստանն ու Ղարաբաղը կապող միակ ճանապարհը փակելու հետ: Ադրբեջանական կողմը պնդում է, թե «Շուշի-Լաչին ճանապարհը փակվել է ոչ թե ադրբեջանցի ցուցարարների, այլ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կողմից, որը ժամանակավորապես տեղակայվել է Ադրբեջանի տարածքում»:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Ադրբեջանը պատրաստ է բավարարել տեղի բնակչության բոլոր կարիքները, և Հայաստանի դժգոհությունները որևէ հիմք չունեն»:

Նշենք, որ այս պնդումները հաստատել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Բաքվի նպատակը Արցախի տարածքում գործող հանքավայրերի ամբողջական փակումն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել