Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ․ Մարիա Զախարովա
13:32 - 15 դեկտեմբերի, 2022

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարով։ 

«Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը առաջացել է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։

ՌԴ ՊՆ-ն և ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։ Մենք հույս ունենք՝ տրանսպորտային կապերը կվերականգնվեն հնարավորինս շուտ»,- ասել է Զախարովան։ 

Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը, որը կապ է ապահովում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ․

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս կողմերը ստանձնել են պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն։ Խաղաղ բնակչության կյանքի համար խնդիրներ ստեղծելը անընդունելի է»։

Մարիա Զախարովան անդրադարձել է նաև ստեղծված իրավիճակում ռուսական խաղաղապահ զորախմբի գործառույթներին․

«ԱԳՆ-ն ստիպված է մեկնաբանել ռուս խաղաղապահների հասցեին անհիմն, սադրիչ մեղադրանքները․ դրանք անընդունելի են և անարդյունավետ՝ անկախ նրանից, թե որտեղից են գալիս։ Ռուսական խաղաղապահ զորախումբը ամբողջությամբ կատարում է իր գործառույթները՝ հանդիսանալով տարածաշրջանում անվտանգության երաշխավոր»,- ասել է Զախարովան։ 

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել