Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիների շրջանում գերակշռում են ռուսաստանցիները

 |armenpress.am|
14:56 - 16 դեկտեմբերի, 2022

Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիների շրջանում գերակշռում են ռուսաստանցիները |armenpress.am|

armenpress.am: Հանրապետության անշարժ գույքի շուկայում ընթացիկ տարվա առաջին ամսվա 10 ամիսներին գրանցվել է 166 հազար 486 գործարք: Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 տոկոսով: Այս մասին տեղեկացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը:

«Շուկայում ակտիվացումը պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ, որը հանգեցրել է անշարժ գույքի գների աճին: Հոկտեմբեր ամսին Հայաստանում բնակարանների գները, միջինացված, 2021 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 12.9 տոկոսով: Մարզերում գների աճի միջինացված ցուցանիշը կազմում է 19.1 տոկոս»,-ասաց Արման Պետրոսյանը:

Արման Պետրոսյանը նկատեց, որ անշարժ գույքի շուկան առաջինն է արձագանքում տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին: Քանի որ վերջին 9 ամիսներին 14.1 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցվել, հետևաբար դա իր հերթին ազդել է գնողունակ-պահանջարկի վրա: Շուկայի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաև հիփոթեքային բարենպաստ պայմաններով ծրագրերը:

Հաճախ քաղաքացիների մոտ տեսակետներ են շրջանառվում այն մասին, որ օտարերկրացիների ներհոսքը Հայաստան իր ազդեցությունն է թողել բնակարանների գների վրա: Մասնագետը նշեց, որ իրականում գործարքների կառուցվածքում օտարերկրացիների մասնաբաժինը շատ քիչ տոկոս է կազմում և չի կարող ընդհանուր շուկայի գների վրա մեծ ազդեցություն թողնել:

«2022 թվականի առաջին 10 ամիսներին Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք է բերվել ընդամենը 1581 անշարժ գույք: Այն ընդհանուր գործարքների 3.6 տոկոսն է կազմում: Ասեմ, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից հիմնականում ձեռք են բերվում բնակարաններ, հողամասեր, բնակելի տներ»,-ասաց Արման Պետրոսյանը: Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիները հիմնականում Ռուսաստանից են, որին հաջորդում է ԱՄՆ-ն, Իրանը:  Օտարերկրացիները հիմնականում Երևանում են գույք ձեռք բերել, այնուհետև՝ Կոտայքում:

Հայաստանում ընդհանուր գործարքների կառուցվածքում գերակշռել են օտարման, ժառանգության, գրավադրման գործարքները, համապատասխանաբար, 38.3, 19.3, 13 տոկոս: Գործարքների քանակի աճ է գրանցվել ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում: Ամենաակտիվը եղել է Երևան քաղաքը, որտեղ իրականացվել է 53 հազարից ավելի գործարք: Հաջորդ ակտիվ մարզը Կոտայքն է, այնուհետև Արմավիրը, Արարատը: Գործարքների տեսանկյունից համեմատաբար պասիվ մարզը Վայոց ձորն է: Այստեղ գրանցվել է հանրապետության ընդհանուր գործարքների ընդամենը 2 տոկոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել