Լաչինի միջանցքով միայն մեկ անգամ եւ մեկ բուժառու է տեղափոխվել ՀՀ․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ապատեղեկատվություն է տարածում
17:10 - 19 դեկտեմբերի, 2022

Լաչինի միջանցքով միայն մեկ անգամ եւ մեկ բուժառու է տեղափոխվել ՀՀ․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ապատեղեկատվություն է տարածում

Ադրբեջանական apa.az լրատվականը հրապարակել է Արցախի շրջափակման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի խոսքերը՝  նյութը վերնագրելով «ԱԳՆ․ Շրջափակման մասին հայտարարությունները կեղծ են, հայկական շտապօգնության մեքենաներն անարգել անցնում են Լաչինի ճանապարհով»։ Հաջիզադեի հայտարարությունն ու ադրբեջանական գործակալության դրած վերնագիրը խեղաթյուրում են իրականությունը։

Արդեն 8 օր է՝ ադրբեջանցիները, որոնք ներկայանում են «բնապահպաններ», փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 120 հազար մարդ բլոկադայի մեջ է Արցախում, նրանց հարազատները, որոնք ՀՀ էին եկել, չեն կարողանում վերադառնալ տուն։ Այս ութ օրերի ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ Արցախում հումանիտար խնդիրներ կան, առողջական ծանր խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարողանում համապատասխան բուժօգնություն ստանալ, պլանային վիրահատությունները դադարեցվել են։ 

Իսկ Հաջիզադեն հայտարարել է, թե «չնայած շրջափակման մասին ապատեղեկատվությանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն ու հայկական շտապօգնության մեքենաներն անարգել անցնում են Լաչինի ճանապարհով»։ Այս հայտարարությամբ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը տպավորություն է ստեղծում, թե ԿԽՄԿ եւ հայկական ՇՕ մեքենաների՝ միջանցքով անցուդարձը շարունակական է։

Սակայն միայն այսօր է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հայկական ՇՕ մեքենան կարողացել է անցնել Լաչինի միջանցքով՝ Արցախից Հայաստան տեղափոխելով 1960թ․ ծնված, սրտային պաթոլոգիայով տղամարդու, որը հրատապ վիրահատության կարիք ուներ: 

Հաջիզադեն հայտարարել է նաեւ, թե «նման դեպքերն օրվա ընթացքում կրկնվում են մի քանի անգամ», ինչը եւս ապատեղեկատվություն է։ 

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին infocom.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ այս ընթացքում ԿԽՄԿ միջնորդությամբ մինչ այս պահը միայն մեկ անգամ է բուժառուի տեղափոխում իրականացվել, եւ տեղափոխվել է միայն մեկ պացիենտ։

Նշենք նաեւ, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն էլ հաղորդել է, որ հիվանդը ՀՀ է տեղափոխվել Արցախի շտապօգնության մեկ մեքենայով, որին ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները: Տարածվում լուսանկարում եւս, որն այս նյութի հետ տեղադրված է, հստակ երեւում է շտապօգնության միայն մեկ մեքենա։

Ավելին՝ Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հաղորդել են, որ կենտրոնում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Իսկ Արցախի «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա է գտնվում ռեանիմացիոն բաժանմունքում: Այստեղ էլ երեխաներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Նշվել է, որ բժիշկների կողմից կատարվում է հնարավորը՝ հիվանդների  վիճակը կայունացնելու համար, որ Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ։ Սա արդեն իսկ նշանակում է, որ բլոկադայի պատճառով երեխաներին ՀՀ տեղափոխել չի հաջողվել։ 

Ադրբեջանական լրատվականը գրել է, որ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ միջնորդությամբ հայկական ՇՕ մեքենաների անցնելու համար պայմաններ են ստեղծվել։ Նյութում ասված է, որ այսօր ԿԽՄԿ-ն դիմել է ադրբեջնական կողմին՝ կապված պացիենտին Ստեփանակերտից Երեւան տեղափոխելու հետ, ու դիմումին անհապաղ պատասխան է տրվել, տեղափոխումը հաջողությամբ կատարվել է։ Այն, որ հաղորդվում է, թե դիմում է ուղղվել ադրբեջանական կողմին ու ստացվել է արձագանք, ճանապարհն էլ բացվել է, եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Լաչինի միջանցքը փակած անձինք ուղիղ հրահանգավորվում են ադրբեջանական իշխանությունների կողմից։ Ի հավելումն՝  նշենք, որ մեր գործընկեր լրատվամիջոցները բացահայտել էին, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանները» փոխկապակցված են ադրբեջանական իշխանությունների հետ (azatutyun.amcivilnet.amfip.am, infocom.am)։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել