Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավվածության նոր փուլ է սկսում. Բորել
 |azatutyun.am|
21:50 - 19 դեկտեմբերի, 2022

Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավվածության նոր փուլ է սկսում. Բորել |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը (ԵՄ) այսօր Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար, այսօր հայտարարել է միության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը: Նա ընդգծել է՝ այդ առաքելության նպատակն է ի վերջո նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։

«Եվրոպացի փորձագետների տեղակայումը արդյունավետ էր և նպաստեց վստահության ամրապնդմանն անկայուն իրավիճակում»,-հայտարարել է Բորելը, հավելելով՝ հենց այդ հիմքով Եվրամիության խորհուրդը՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։

Բորելը նշել է՝ ակնկալվում է, որ անցումային այս թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացում։

Եմ դիտորդները այս ընթացքում տեղակայվել էին, մասնավորապես, ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման թիրախում հայտնված Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում:

Հիշեցնենք, որ Եվրամիության անզեն առաքելությունը տեղակայվել էր Հայաստանում հոկտեմբերին սկզբին։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այն աշխատելու է երեք ամիս, ժամկետն ավարտվել է այսօր։ Դրա նպատակն էր դիտարկել, վերլուծել և Բրյուսելին տեղեկացնել տեղում տիրող իրավիճակի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել