Հայաստանում նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն․ օրինագիծն ԱԺ-ում է
12:07 - 20 դեկտեմբերի, 2022

Հայաստանում նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն․ օրինագիծն ԱԺ-ում է

Հայաստանում նախատեսվում է հիմնել Արտաքին հետախուզական ծառայություն։ Ազգային ժողովն այսօր՝ արտահերթ նիստի ընթացքում, առաջին ընթերցմամբ քննարկեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության»և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց՝ նախատեսվում է, որ Արտաքին հետախուզական ծառայությունը կլինի ՀՀ վարչապետին ենթակա մարմին․ «Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հանձնառությունը ամրագրված է Կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառման ծրագրում։ Նախագծային դրույթներով սահմանված են ծառայության լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, ծառայողների ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, ծառայությունից և պաշտոնից ազատելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ հարաբերություններ»։

Գրիգորյանի խոսքով՝ Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք, և այդ համայնքում կարևոր դերակատարություն է ունենալու արտաքին հետախուզական ծառայությունը․  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ում և ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ ծառայությանը առավել լայն հնարավորություններ ունենալ, կառույցը համալրել մասնագետներով»։

Գրիգորյանը նաև նշեց, որ նախագծի փաթեթով արտաքին հետախուզական ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել