Արդյո՞ք Պարենի համաշխարհային ծրագիրը կարող է սնունդ հասցնել շրջափակված Արցախին
13:32 - 20 դեկտեմբերի, 2022

Արդյո՞ք Պարենի համաշխարհային ծրագիրը կարող է սնունդ հասցնել շրջափակված Արցախին

Արդեն իններորդ օրն է, ինչ Ադրբեջանն արգելափակված է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Չնայած Արցախում սով չի սկսվել, բայց որոշ մթերքների, օրինակ՝ կարտոֆիլի, կաթնամթերքի, մանկական կերի պակաս կա։ Բացի այդ՝ պարզ չէ, թե որքան ժամանակ ճանապարհը կշարունակվի փակ մնալ, և դեռ որքան կարող է դիմակայել Արցախը շրջափակման պայմաններում։

 

Ի՞նչ է Պարենի համաշխարհային ծրագիրը

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը երկու օր առաջ ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով, որ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Պարենի համաշխարհային ծրագիրն Արցախի իրավիճակում հայտնված ժողովուրդներին պարենով է ապահովում։ 

Պարենի համաշխարհային ծրագիրը սննդով է ապահովում այն տարածքների բնակիչներին, որոնք պատերազմների, կոնֆլիկտների, կլիմայի փոփոխության կամ այլ պատճառներով սննդի խնդիր ունեն, և որտեղ սով է տիրում։

«Աշխարհի սովյալների 60 տոկոսն ապրում է այն գոտիներում, որոնք տուժել են հակամարտությունից, ինչը սովի 10 վատագույն ճգնաժամերից 8-ի հիմնական պատճառն է (ինչպես, օրինակ, Եմենում, Հարավային Սուդանում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Սիրիայում)»,- ասվում է կառույցի կայքում։

Պարենի համաշխարհային ծրագրի (այսուհետ՝ ՊՀԾ) կայքում նշվում է, որ ՊՀԾ-ն կենսական սնունդ է մատակարարում ռազմական գործողությունների հետևանքով թակարդում հայտնված կամ տեղահանված մարդկանց, որտեղ էլ որ նրանք լինեն․ «Տեղացի գործընկերների օգնությամբ մենք հասնում ենք կարիքավորներին նույնիսկ ամենահեռավոր շրջաններում՝ օգտագործելով ամենագնաց մեքենաներ և ինքնաթիռներից սնունդ գցելով, երբ մնացած բոլոր երթուղիները փակ են»:

Հակոբ Ճաղարյանն իր գրառման մեջ նշել էր․ «Հայաստանում Արցախի շրջափակման ամենժամյա վտանգի դեպքում պետք է մշտապես հերթապահի ՄԱԿ հովանու տակ աշխատող օդանավ կամ օդանավեր»։

 

ՊՀԾ-ն համագործակցում է կառավարությունների հետ

ՊՀԾ-ի հիմնական գործընկերները կառավարություններն են։ Կառույցը նշում է, որ կարող է ինքը տրամադրել պարենային օգնություն և, որոշ դեպքերում, տեխնիկական ու լոգիստիկ ծառայություններ, սակայն իր նախագծերը միշտ պահանջում են կառավարությունների լիակատար աջակցությունը և ներգրավվածությունը․ «Ի վերջո, ազգային կառավարությունն է, որ պետք է խնդրի ՊՀԾ-ին միջամտել արտակարգ իրավիճակներին կամ զարգացման ծրագրերին, ուստի Ծրագրի աշխատանքը պետք է համապատասխանի ազգային պատկերին»:

Իսկ բացառիկ հանգամանքներում, երբ, օրինակ, որևէ երկրում ճգնաժամ է, և իշխանությունները կորցրել են վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ, ՊՀԾ-ն կարող է օգնություն տրամադրել առանց կառավարության հրավերի` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խնդրանքով:

Կան նաև հայտնի դեպքեր, երբ հենց կառավարություններն են դիմել ՊՀԾ-ին աջակցության համար։ Եգիպտոսի կառավարությունն, օրինակ, կառույցին է դիմել սիրիացի փախստականներին սննդով աջակցելու համար։ Թուրքիայի կառավարությունը ևս ծրագրին դիմել է սիրիացի փասխտականներին աջակցելու համար։

 

Հայաստանի և Ադրբեջանի հետ փորձը

Infocom-ի հետ զրույցում Հակոբ Ճաղարյանը նշեց, որ Արցախում տիրող իրավիճակի մասին պետք է ահազանգ գնա ՊՀԾ։ Դիմողն, ըստ պարոն Ճաղարյանի, կարող է լինել Արցախի կամ այլ կառավարություն, օրինակ՝ ՀՀ կառավարությունը։ 

«Իմ հույսերը, որ Հայաստանը կդիմի, շատ քիչ են»,- նշում է Հակոբ Ճաղարյանը։ Նրա խոսքով՝ ինքն այժմ քննարկումներ է անցկացնում Արցախի իշխանությունների հետ, որ իրավասություն ստանա Արցախի կառավարության անունից դիմելու ՄԱԿ-ին։

ՊՀԾ-ն ներկայացուցչություններ ունի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ 44-օրյա պատերազմից հետո կառույցն աջակցություն է տրամադրել պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված մարդկանց։

Հետաքրքիր է, որ 2020-ին՝ պատերազմից հետո, ՊՀԾ-ն հրապարակում էր արել այն մասին, որ նպատակ ունի աջակցություն տրամադրելու նաև «Ադրբեջանի Հանրապետությունում պատերազմից տուժած բնակիչներին»։ Կառույցը նկատի ուներ Արցախի Հանրապետության բնակիչներին։

Իր 2020-ի հրապարակման մեջ ՊՀԾ-ն նշել էր, որ «ՄԱԿ-ը մանդատ չունի տուժած տարածաշրջանում, սակայն համակարգում է գործընկերների հետ աշխատանքը՝ գնահատելու կարիքները և աջակցելու պատերազմից տուժած տարածքներ ցանկացած կամավոր վերադարձի գործընթացին»։

«[ՄԱԿ-ի] Արտակարգ իրավիճակների օգնության համակարգողը նոտա է հղել ՄԱԿ-ում Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացուցչին՝ խնդրելով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ ՄԱԿ-ի կողմից տուժած տարածքի գնահատում իրականացնելու համար»,- նշել էր ՊՀԾ-ն:

Կառույցը նաև հայտնել էր, որ տուժած տարածքների բնակչությանը հասանելիություն ունենալու ուղղությամբ աշխատելու է Ադրբեջանի կառավարության հետ։ Սակայն ՊՀԾ-ի կայքում հրապարակումներ չկան այն մասին, թե արդյո՞ք այդ օգնությունն ի վերջո հասել է Արցախի բնակիչներին։

 

ՊՀԾ-ն կարո՞ղ է օգնել շրջափակված Արցախին

Հարցին, թե արդյո՞ք այն դեպքում, երբ ՊՀԾ-ին Արցախին պարենային աջակցության մասին դիմում ուղարկվի, Ադրբեջանը կթույլատրի, որ աջակցությունը տեղ հասնի՝ Հակոբ Ճաղարյանը պատասխանում է՝ Ադբեջանը չի կարող չթույլատրել։ 

Նա հիշում է, որ ինքն էլ մի ժամանակ աշխատել է այդ ծրագրի շրջանակում և օգնություն հասցրել Դարֆուր, որը Սուդանի արևմուտքում է՝ Չադի հետ սահմանին։

Դարֆուրում տարիներ առաջ իշխանության դեմ ապստամբություն էր սկսվել տեղի ոչ արաբ բնակչության հանդեպ վերաբերմունքի պատճառով (հակամարտության մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ

Հակոբ Ճաղարյանը հիշում է, որ Սուդանի՝ հումանիզմով աչքի չընկնող նախագահն անգամ չէր փորձել արգելել աջակցության տրամադրումը Դարֆուրի բնակիչներին։

«Ոչ ոք չի գնում ՄԱԿ-ի դեմ․ դրանով դու ապացուցում ես, որ դու գենոցիդ ես անում, դրանով դու դառնում ես տեռորիստ երկիր։ Մարդիկ այնտեղ ապրում են, դա փաստ է։ Մարդիկ պետք է սնվեն»,- ասում է Հակոբ Ճաղարյանը՝ հավելելով, որ նույնկերպ էլ Ադրբեջանը չի կարող չթողնել, որ աջակցություն հասնի Արցախին։

Նա ոչ թե հույս ունի, այլ վստահ է, որ համապատասխան դիմումի և ԱԳՆ աշխատանքի դեպքում գործը կարող է գլուխ գալ։

Infocom-ը դիմեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ԱԳՆ-ներ՝ հասկանալու, թե այս գերատեսչություններն արդյո՞ք դիմել են Պարենի համաշխարհային ծրագրին՝ անհրաժեշտության դեպքում Արցախին աջակցելու համար։ ՀՀ ԱԳՆ-ն խնդրեց գրավոր հարցում ուղարկել, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ ԱՀ ԱԳՆ-ն չմեկնաբանեց հարցը՝ նշելով, որ եթե տեղեկություն լինի, իրենք կհրապարակեն։

 

Գլխավոր լուսանկարը՝ ՊՀԾ-ի ֆեյսբուքյան էջից

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել