Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում այսօր տեսանյութ է տարածվում, որտեղ երևում են շտապ օգնության մեքենաներ, որոնք շարժվում են Կարմիր խաչի մեքենաների ուղեկցությամբ:
«Լաչինի միջանցքով Կարմիր խաչի ուղեկցությամբ կրկին շտապօգնության մեքենա է անցել»,- տեսանյութին կից նշվում է ալիքներում։
Երեկ, հիշեցնենք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից մեկ բուժառու էր տեղափոխվել Հայաստան, և տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էին շտապ օգնության և ԿԽՄԿ-ի մեքենաները։
Հաշվի առնելով, որ նոր տեսանյութ է տարածվել, Infocom-ը դիմեց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ հասկանալու, թե արդյո՞ք նոր բուժառու է Արցախից Երևան տեղափոխվել։ Հայաստանում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ երեկվանից հետո նոր բուժառու Արցախից Հայաստան չի տեղափոխվել։
Եթե ուշադիր նայենք տարածվող տեսանյութերը, կտեսնենք, որ երկուսում էլ տեղանքը նույնն է, սակայն երեկվա տեսանյութում շտապ օգնության և ԿԽՄԿ-ի մեքենաները մի ուղղությամբ են շարժվում, այսօրվա տեսանյութում՝ հակառակ։
Սա սքրինշոթ է երեկվա տեսանյութից։
Իսկ այս սքրինշոթն այսօրվա տեսանյութից է։
Երկու նկարների համեմատությունից պարզ է դառնում, որ սա ճանապարհի միևնույն հատվածն է, և մեքենաներն ընթանում են հակառակ ուղղություններով։
Հաշվի առնելով, որ անցնող երեք ավտոմեքենաների պետհամարանիշերը նույնն են՝ կարող ենք ենթադրել, որ միջանցքով Հայաստանից վերադառնում են երեկ Հայաստան բուժառուի տեղափոխած մեքենաները։
Աննա Սահակյան
comment.count (0)