Երեւանի Ազատության հրապարակից, որ այդքան հանրահավքներ է տեսել, հազարավոր բղավոցներ ու անթիվ պաստառներ, հարյուրավոր քաղաքացիներ այսօր համախմբված քայլքով շարժվեցին դեպի ՌԴ եւ Ֆրանսիայի դեսպանատներ։ Ցուրտ էր, իսկապես շատ ցուրտ, երեւանյան խոնավ ձմեռ, երեխաներին դուրս չհանելու եղանակ։ Բայց մարդիկ ընտանիքով, ընկերներով, երեխաների հետ, որը՝ սայլակի մեջ, որը՝ գրկներին, եկել էին մասնակցելու «Հանուն Արցախի կյանքի ճանապարհ» քայլերթին։
Երկու փոքրիկների ու ամուսնու հետ քայլերթի ընթացքին համաչափ շարժվում է Սյուզաննան, որն ընտանիքի հետ Երեւանում է մնացել ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու պատճառով։ Լավ է՝ այստեղ մտերիմներ ունեն, մնալու տեղ ունեն, բայց նրանց ծնողները, հարազատները Արցախում են՝ բլոկադայի մեջ, ու այս իրողությունը Սյուզաննային ու իր ամուսնուն՝ Աշոտին, հանգիստ տալ չի կարող։ Բայց նրանք թեւաթափ չեն, հավատում են, որ լավ կլինի։
Սյուզաննա Առուշանովան
Սյուզաննայի մեծ տղան՝ 5-ամյա Հայկը, մորն օգնում է՝ փոքրիկ թաթիկներով հրելով եղբոր՝ մեկ տարեկան Հովհաննեսի մանկասայլակը։ Նրա մեկ տարեկանը Երեւանում է լրացել, առաջին ատամիկն էլ է այստեղ դուրս եկել․
«Առողջական հարցերով էինք եկել Երեւան, ու որ պիտի գնայինք, առավոտյան զարթնեցինք, ու պարզվեց՝ փակվել ա ճանապարհը։ Ահավոր անհանգիստ էինք, սկսեցինք զանգել բոլորին՝ ինչ ա կատարվում, ինչ վիճակ ա։ Սկզբից շշմած էինք ուղղակի, որովհետեւ մտծում էինք՝ մի քանի ժամ ա, կբացվի, որովհետեւ էլ էր եղել, բայց էդ օրն անցավ, հասկացանք, որ կարող է երկար տեւել»,- պատմում է Սյուզաննան՝ ասելով, որ թեեւ այստեղ էլ բարեկամներ ունեն, հարազատ միջավայր է, բայց մեկ է՝ «ուզում ես քո տուն գնալ»․
«Անհամբեր սպասում էինք, որ մեր պուճուրը պիտի մի տարեկան դառնար, ընկերներով հավաքվեինք, հայավարի նշեինք։ Էստեղ էլ նշեցինք, այն չէ, ինչ մեր տանը կլիներ»,- պատմում է նա, իսկ փոքրիկը տաք փաթաթված լավ դիմադրում է ցրտին։
Սյուզաննայի ամուսինը՝ Աշոտը, պատմում է, որ Արցախում մնացած մեր հայրենակիցները պինդ են, չեն կոտրվում։ Թեեւ այնտեղ արդեն լուրջ հումանիտար խնդիրներ կան․
«Ճիշտ ա՝ դժվար ա, արդեն լուրջ խնդիր կա, շուկաները դատարկ են, ոչ թե քիչ ա, այլ չկա։ Ոչ մեկը գործի համար վառելիք չի կարող վերցնել, միայն շտապօգնության մեքենաները, ԱԻՆ-ը։ Երեխաները չեն կարողանում նորմալ դասի հաճախել, դա պրոբլեմ ա, մարդիկ հիվանդնաոցում․․․ Մեկը մահացել ա, եթե չեմ սխալվում։ Լուրջ ա էլի արդեն»։
Աշոտ Բալայանը
Աշոտը համոզված է՝ այս օրերի ակցիաները չեն կարող արդյունք չտալ․ «Համենյան դեպս, ոչինչ չանելն էլ սխալ ա էլի»,- շեշտում է նա՝ ասելով որ այսօր ամեակարեւորն այն է, որ մեր ժողովուրդը հասկանա՝ մեր ուժը մեր միասնության մեջ է․ «Մենք նավթ չունենք, որ վաճառենք աշխարհին ու լիազորություններ ունենանք, մեր միակ ռեսուրսը մեր մշակույթն ու ինտելեկտուալ ռեսուրսն են, որոնք ցավոք էսօր լրիվ անտարբերության են մատնված թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Հիմա ամեն մեկը պետք ա փորձի հասկանալ, որ մենք մենակ գաղափարով կկարողանանք հաղթել»։
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների քայլերին՝ Աշոտի կարծիքով՝ նրանց միակ նպատակն Արցախը հայաթափելն է, եւ վստահաբար ոչ էկոլոգիական «խնդիրը»․ «[Ադրբեջանցիները] չեն ուզում Արցախը հայերով, Արցախն իրենց պետք ա առանց հայերի, բայց չի կարելի հանձնվել, որովհետեւ դա մեր հազարամյակների մշակութային, արժեհամակարգային սեփականությունն ա, ո՞նց տենց կլինի, մեր պապերը դարերով պահել են․․․»,- ասում է Աշոտն ու հիշում ադրբեջանցի «բնապահպան» կնոջ ձեռքում «սպանված աղավնին»՝ ասելով, որ որեւէ նորմալ մարդ, որը իրոք մտածում է բնության մասին, երբեք չի փակի մարդկանց հումանիտար ճանապարհը․ «Դա պարադոքս ա, չի կարող լինել նման բան․․․»։
Մինչ մենք զրուցում ենք Ֆրանսիայի դեսպանատան մոտ, քայլերթի մասնակիցները շարժվում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Աշոտի ընտանիքի հետ մենք էլ ենք քայլում այդ ուղղությամբ, զրուցում։ Նրանցից իսկապես ընկաճվածություն չի զգացվում, եւ դա հուսադրում է, շատ է հուսադրում։ Եւ հուսադրում է նաեւ մարդկանց այսօրվա թիվը․ նախորդ օրերի համեմատ՝ այսօր ավելի շատ մարդ էր դուրս եկել փողոց՝ աջակցություն հայտնելու Արցախի մեր հայրենակիցներին։ (ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հնչած ելույթներն այս հրապարակման մեջ չեմ գրում, հավանաբար արդեն լսել կամ ընթերցել եք)։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ իր ընկերների հետ կանգնած է նաեւ Նինա Տիտանյանը, որն Արցախից չէ, ու եկել է հայրենակիցներին աջակցելու․
«Ես ուզում եմ, որ արդարությունը վերականգնվի, ու ես չեմ կարող տանը նստել՝ իմանալով, որ էնտեղ փակ ա։ Եթե ինչ-որ բանով կարող եմ օգտակար լինել, պետք ա գայի։ Ու միացա ընկերներիս։ Ես հավատում եմ, որ կլինի ինչ-որ բան, համենյան դեպս մարդիկ հասկանում են, որ ստեղ անհանգստություն ա տիրում․․․ Լսելի կդառնանք, հավատում եմ, որ գոնե մի փոքր տոկոսով լսելի կլինենք»,- ասում է Նինան։ Նա այս դժվարին իրավիճակում կարեւորում է մեր ժողովրդի միասնականությունը, ասում է՝ «մի բուռ ենք մնացել», պիտի իրար սատարենք․
«Իհարկե, ամեն մեկն իր ձեւով ա մտածում մեր երկրի մասին, բայց հույս ունեմ, որ բոլորիս գաղափարները կմիանան, կդիմակայենք։ Մենք ունենք մեզ, Հայաստանը ունի մեզ՝ հայերիս, ու միասնական լինելով պետք ա առաջ գնանք»։
Նինա Տիտանյանը
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքում լույսեր չեն վառվում։ Բայց մարդիկ վստահ են՝ իրենց լսում են։ Բակում հավաքվածների հեռախոսների լույսերն են վերեւ պարզված։ Արցախի Ամարասի վանքի քահանան՝ Տեր Սեպուհը, աղոթք է հնչեցնում։ Կողքիս կանգնած երիտասարդը հանում է գլխարկը, սկսում շշնջալ բառերը՝ «Հայր մեր, որ երկնքում ես․․․»։ Հետո այս քայլերթի կազմակերպիչներից մեկը՝ երգիչ Արտեմ Վալտերը, որն Արցախից է, երգում է Արցախի Հանրապետության օրհներգը, ու մարդիկ սկսում են ձայնակցել․ «Ազատ ու անկախ Արցախ, քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք․․․»:
Արտեմ Վալտերը մասնակցել է նախորդ օրերի ակցիաներին էլ։ Ասում է՝ այսօրվա ակցիան կազմակերպելու միտքն ինքնըստինքյան է ծագել, եւ, ասում է, խնդիրն այն է, որ այդ միտքը միանգամից բոլորի մոտ չի առաջացել․ «Ես ու ընկերներս ասացինք՝ եթե ոչ ես, ապա ո՞վ, եթե ոչ մենք, ապա ո՞վ, ու միահամուռ որոշվեց, որ էս ամենը պետք ա արվի։ Իսկ մեր գլխավոր նպատակն էն ա, որ միջազգային հանրությունն անհապաղ խառնվի, բացի Արցախի կյանքի ճանապարհը, եւ որ արցախցին հասկանա, որ մենակ չէ, մենք նրանց կողին ենք մինչեւ վերջ, ու Արցախի հարցում սասանում չկա»։
Արտեմ Վալտերը
Երբ ես շնորհակալություն եմ հայտնում Վալտերին՝ րոպե տրամադրելու համար, նա էլ շնորհակալ է լինում լուսաբանելու համար, այլայլվում եմ, որովհետեւ արդյո՞ք սա շնորհակալության առիթ է։ Մինչ կպտտվի՝ գնա, հասցնում եմ ասել, որ սա ոչ միայն իմ աշխատանքն է, այլեւ շատ կարեւոր է ինձ համար։
Հ․ գ․ Ո՞նց կարող է կարեւոր չլինել։ Արցախցի բոլորին, իմ ընկեր Աստղիկին, որ ուսուցիչ է Մոխրաթաղում․ միտքս՝ ձեզ հետ։ Ճամփան բացվի՝ կգամ։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)