«Բնապահպանական ակցիաներին»  մասնակցող ևս մի կառույց է փոխկապակցված Ադրբեջանի իշխանությունների հետ
18:58 - 21 դեկտեմբերի, 2022

«Բնապահպանական ակցիաներին» մասնակցող ևս մի կառույց է փոխկապակցված Ադրբեջանի իշխանությունների հետ

Արդեն 10-րդ օրն է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» շարունակում են իրենց «ակցիան» Լաչինի միջանցքում։ Կտրված է Արցախի կապը Հայաստանի հետ, Արցախում որոշ մթերքների պակաս կա, իսկ Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիները չեն կարողանում տուն վերադառնալ։

Մի քանի օր առաջ մենք անդրադարձել էինք «բնապահպանական ակցիաներին» մասնակցող  «Տարածաշրջանային զարգացում» հասարակական կազմակերպությանը, որը փոխկապակցված է Հեյդար Ալիևի հիմնադրամին։

Այժմ կպատմենք «Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միության» մասին, որի կամավորները ևս մասնակցում են «բնապահպանական ակցիաներին»։


Միության կամավորները կապույտ բաճկոններով են (լուսանկարը՝ Trend-ի)

Այս միությունը ստեղծվել է 2020 թվականին, ինչպես իրենք են նշում, «Ադրբեջանում կամավորական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»։

Միության հրապարակումներից, իրականացրած միջոցառումների բովանդակությունից ու որոշ անդամների գրառումներից պարզ է դառնում, որ այն պրոիշխանական դիրքորոշում ունի։

Միության նախագահը Յուսիֆ Վալիևն է, որը Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի վարչության պետն է և ակտիվ մասնակցում է Լաչինի միջանցքում անցկացվող «ակցիաներին»։ Տնօրենների խորհրդում է Էլնուր Քալանթարովը, որը Ադրբեջանի Միգրացիոն պետական  ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետն է։ Միության անդամներից է Բախտիար Ռագիմովը, որի ֆեյսբուքյան էջից միանգամից հասկացվում է, որ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համակիրն է։


Յուսիֆ Վալիևը՝ «բնապահպանական ակցիայի» ժամանակ

Միության իրականացրած ծրագրերից մեկը կոչվում է «Վերադարձ կամավորներ»։ Ծրագրի մասին խոսելիս միությունը նշում է, որ «իրենց բանակը գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի գլխավորությամբ հաղթել է Հայրենական պատերազմում, և վերադարձվել են իրենց հողերը»։ Իսկ ծրագրի նպատակն է «աջակցել օկուպացիայից ազատագրված տարածքներում կամավորական գործունեությանը»։ 

Ինչպես «Տարածաշրջանային զարգացում» ՀԿ-ն, «Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միությունը» ևս առանձնահատուկ վերաբերմունք ունի Արդբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հանդեպ․ միության կամավորները հարգանքի տուրք են մատուցում Հեյդար Ալիևի հիշատակին, այցելում Հեյդար Ալիևի կենտրոն։ 

Իսկ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևն այս տարի կոչ է հղել Ադրբեջանցի կամավորների 5-րդ համերաշխության ֆորումի մասնակիցներին։ Այս ֆորումն անցկացվել է «Ադրբեջանի կամավորական շաբաթ 2022»-ի շրջանակներում, որը կազմակերպել է հենց «Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միությունը»։ Կամավորական շաբաթի կազմակերպմանն աջակցել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը։

Նույն միջոցառման շրջանակում կամավորներն այցելել են Ադրբեջանի «Ռազմավարի պուրակ», որտեղ հնչեցրել են հետևյալ կոչերը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», «Կեցցե Գերագույն գլխավոր հրամանատարը»։ 

Այպիսով, «բնապահպանական ակցիաներին» մասնակցող ևս մի կառույց է փոխկապակցված Ադրբեջանի իշխանություններին։

 

Գլխավոր լուսանկարը՝ «Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միության» ֆեյսբուքյան էջից

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել