Դե ֆակտո, եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը․ Նիկոլ Փաշինյան
11:05 - 22 դեկտեմբերի, 2022

Դե ֆակտո, եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանը։

Նա դարձյալ ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը։

«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։  Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա, և մասնավորապես վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»,- ասաց վարչապետը։ 

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել