Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը
17:48 - 22 դեկտեմբերի, 2022

Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը

Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ-ից։
 
ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակներում զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը:
 
Կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան և կարևորել դրա շարունակականությունը:

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել