Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու թեմայով խորհրդարանական լսումներին ելույթ ունեցավ հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը՝ անդրադառնալով եկամտային հարկի համահարթեցմանը․
«Հարկերի մասին խոսելիս երկու կարևոր սկզբունք կա, որ կարծում եմ ցանկացած տնտեսագետ և մասնագետ տեղյակ է։ Որոնք են դրանք։ Դա արդարության սկզբունքն է և տնտեսական արդյունավետության։ Պարոն Պողոսյանը իր խոսքի մեջ նշեց, որ այո՛, արդարության սկզբունքը, եկամտային հարկի մասին խոսելիս, համահարթ ներդնելով մենք ինչ-որ չափով նսեմացնում ենք, բայց դա անում ենք հանուն տնտեսական արդյունավետության։ Եվ այստեղ ինչն է կարևոր, որ տնտեսական արդյունավետության մասին խոսելիս հիմնավորումներ են բերվում հետևյալը․ ստվերի կրճատում, աշխատողների թվի և աշխատավարձերի մեծության մասով և մյուսը՝ արտահանման խրախուսում։
Առաջինի մասով մենք մի քանի օր առաջ լսեցինք վարչապետի ելույթը և տեսանք, որ արդեն առանց համահարթ եկամտային հարկային համակարգ ունենալու ստվերից դուրս են եկել շուրջ 50 հազար աշխատատեղեր, հետևաբար հարց է առաջանում՝ այդ ի՞նչ տրամաբանությամբ ենք մենք հիմնավորում համահարթ հարկման համակարգ ներդնելը, երբ նա առանց այդ համակարգը ներդնելու ստվերից դուրս է գալիս։
Երկրորդ հիմնավորումը, որ մեջբերվում է՝ արտահանման խրախուսումն է, սակայն մենք՝ այսինքն մասնագետները, տեղյակ են, որ արտահանման թիրախային ոլորտներում, օրինակ՝ թեթև արդյունաբերությունը, ախատավարձերը խոշոր հաշվով չեն գերազանցում 150 հազար դրամը։ Կնշանակի՝ այս համահարթ հարկման համակարգի ներդրումը արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների վրա կարելի է ասել ազդեցություն չի ունենալու կամ չնչին ազդեցություն է ունենալու։
Հետևաբար, այս մասով,օրինակ, չենք տեսնում գնահատականներ, որ տնտեսական քաղաքականության պատասխանատու նախարարությունը պարտավոր է իրականացնել, և ես չեմ կարծում՝ այս սրահում ինչ-որ մարդ գտնվել է, որ նման փաստաթուղթ է տեսել, որ տնտեսական քաղաքականության պատասխանատուն քաղաքականությունը գնահատում է և ցուցանիշներով ցույց է տալիս, թե ինչքանով է մեր մրցակցային առավելությունը ավելանալու այս համահարթ եկամտային հարկման համակարգ ներդնելով։ Սրանք այն հարցերն են, խնդիրներն են, որ ես՝ որպես ֆինանսների կառավարման մասնագետ տեսնում եմ, և պատասխաններ չենք ստանում արդեն շուրջ վեցը ամիս տևող քննարկումներում։
Աստեղ նաև մի ցուցանիշ, որպեսզի զուտ քննադատություն չհնչի, ես կուզենամ մի ցուցանիշի մասին էլ խոսել, որ պարոն Պողոսյանը ասեց՝ 95 միլիարդի, այսինքն, եթե չհարկվող շեմ դնենք, ապա բյուջեի վրա դա 95 միլիարդ կարժենա։ Պարոն Պողոսյան, չհարկվող շեմը ես առաջարկում եմ ներդնել միայն մինչև 150 հազար եկամուտ ստացողների համար և եթե նույնիսկ 150 հազար դրամ ստացողներին համարենք էդ գրանցված 600 հազար աշխատողների թվաքանակը, ապա 50 հազար չհարկվող շեմ դնենք 150 հազարի վրա, դա բյուջեի վրա կնստի շուրջ 7 միլիարդ դրամ ծախս։ Սակայն կարծում եմ՝ այդ քայլով, եթե նպատակը իրոք արտահանման խրախուսումն է, ապա մենք այդտեղ ավելի շատ բան արած կլինենք, քան թե ընդհանուր համահարթ հարկման համակարգ դնելով։
Սա ավելի խորքային վերլուծության կարիք ունի, սակայն քանի որ մենք տնտեսական պատասխանատու նախարարության կողմից չենք տեսնում էդ վերլուծությունները, հետևաբար չենք կարողանում նաև հակադարձել առարկայական»։
comment.count (0)