Գիտության ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ են եղել 2022-ին, ի՞նչ ռիսկեր և առավելություններ ունի ինստիտուտների միավորման գործընթացը։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս-քարտուղար, ԳԱԱ նախագահության անդամ Արթուր ԻշխանյանԻ հետ։
Իշխանյանը կարևորում է այն հանգամանքը, որ այս տարի շրջանառության մեջ են դրվել երեք փաստաթղթեր։ Դրանցից մեկը Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից (ԲՈԿ) գիտական ամսագրերին ներկայացվող նոր պահանջներն են․ «Այդ պահանջները ներառում են մի շարք նոր կետեր։ Մասնավորապես՝ պահանջվում է, որ դրանք ունենան ինտերնետային կայքէջեր, այդ կայքէջերը ֆունկցիոնալ առումով լինեն այնպիսին, որ գիտնականները հնարավորություն ունենան առցանց եղանակով հոդվածները ներկայացնել ու գրախոսել։ Պահանջվում է, որ խմբագրակազմերում որոշակի տոկոսային հարաբերությամբ լինեն արտասահմանյան մասնագետներ, պահանջվում է, որ հրապարակումների առնվազն 10%-ը լինի անգլերենով»,- ասում է Արթուր Իշխանյանը՝ նշելով, որ այս փոփոխությունները կարևոր են գիտական գործունեության կազմակերպման համար, և գիտահրատարակչական գործունեությունը կհամապատախանեցնեն միջազգային ստանդարտներին։
Նրա խոսքով՝ Գիտությունների ազգային ակադեմիան արդեն իսկ ձեռնարկել է համապատասխան նորացված կայքէջերի ստեղծում։
Ըստ Արթուր Իշխանյանի՝ այս փաստաթղթի ընդունումը շատ կարևոր էր որոշակի առաջընթաց ապահովելու համար․ «Ես կասեի, որ անգամ ինչ-որ տեղ ուշացած է, պետք էր ձեռնարկել տարիներ առաջ, բայց, համենայն դեպս, արդեն արված է»։
Մյուս փաստաթուղթը, որը, Իշխանյանի խոսքով, կարևոր է ու արդեն իսկ դրվել է շրջանառության մեջ, գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծն է․
«Նախագծով պահանջվում է, որ գիտական աստիճան ունեցող անձինք առնվազն մեկ հոդված ունենան Scorpus կամ Web of science գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված հանդեսներում։ Սա մեր գիտական արտադրանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև մեր գիտական արդյունքի միջազգայնացմանը ուղղված կարևոր քայլ է»։
Որպես այս տարի կատարված կարևոր քայլ՝ ակադեմիկոս-քարտուղարն առանձնացնում է նաև «Գիտական և գիտատեխնինիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը արդեն իսկ դրված է շրջանառության մեջ․
«Այդտեղ կան բազմաթիվ կարևոր կետեր, մասնավորապես մի քանիսն առնչվում են ակադեմիային, բայց շատ այլ կետեր կան։ Օրինակ՝ «Գնումների մասին» օրենքին առնչվող կետը, որից շատ են բողոքել գիտական կազմակերպությունները, գիտնականները։ Այս նախագծով ենթադրվում է դա իրականացնել այլ՝ հեշտացված կարգով, հրատապության սկզբունքով։ Ակադեմիային առնչվող կետերից է կառավարման խորհրդի նոր համակարգի ներդրումը։ Ենթադրվում է, որ կառավարման խորհրդում պետք է ներառվի պետության լիազոր մարմնի, այսինքն՝ Գիտության կոմիտեի ներկայացուցիչ, ինչպես նաև այլ գերատեսչությունից, ենթադրվում է՝ ԿԳՄՍ նախարարությունից։ Սա լուրջ փոփոխություն է, որի արդյունքում Ակադեմիայի կառավարումը կլինի ավելի կոհերենտ պետական այլ կառույցների գործունեության հետ։ Այս օրինագծերը իրոք շատ կարևոր են մեր գիտության կազմակերպման, զարգացման համար»։
Խոսելով առաջիկա պլանների մասին՝ Արթուր Իշխանյանը պատմում է, որ ինստիտուտների միավորման եղանակով նախատեսվում է ավելի խոշոր կենտրոններ ստեղծել և հինգ տարվա ընթացքում ութ այդպիսի կենտրոն ունենալ․ «Այս պահին երկու նման կենտրոնների ձևավորման համար ակադեմիայի համապատասխան բաժանմունքը և նախագահությունը այդպիսի առաջարկով են հանդես եկել, այն ընթացքի մեջ է և, կարծում եմ, եկող տարի դա տեղի կունենա։ Ենթադրում ենք, որ մենք կարագացնենք մեր քայլերը»։
Արթուր Իշխանյանը այս կենտրոնների ստեղծման հետ կապված առանձնակի ռիսկեր չի տեսնում․ «Ռիսկերն ավելի շատ կապված են նրա հետ, որ, բնականաբար, միավորումների արդյունքում պետք է վերազինվեն, պետք է ինստիտուտների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծվեն։ Ռիսկերը նաև կապված են այն հարցի հետ, թե որքանով է իրատեսական, որ կարվեն համապատասխան ներդրումներ վերազինման, վերանորոգման, աշխատանքային ավելի լավ պայմանների ստեղծման տեսանկյունից»։
Նրա կարծիքով՝ առավելությունները շատ են, որովհետև այդ միավորումների արդյունքում հնարավոր կլինի ստեղծել ընդհանուր օգտագործման սարքավորումների բազա, երկրորդ՝ ավելի բարենպաստ պայմաններ գիտական միջավայրի տեսանկյունից․ «Ավելի լայն կլինի այն կոլեկտիվը, որտեղ տեղի կունենան համապատասխան քննարկումները։ Մեր ինստիտուտները բավականաչափ տկարացել են վերջին տասնամյակների ընթացքում, քանի որ գիտության ֆինանսավորումը մնացորդային սկզբունքով էր իրականացվում, և շատ խիստ պակասել է գիտնականների թվաքանակը։ Այնպես որ, որոշ ինստիտուտներում թվաքանակը կրիտիկականին մոտ է և ավելի փոքր թվաքանակի դեպքում հնարավոր չէ կազմակերպել նորմալ սեմինարներ, նորմալ գիտական քննարկումներ, այս միավորումները հնարավորություն կտան ապահովել այդ պայմանները»։
Իշխանյանը կարծում է, որ վերջին տարիներին գիտության ֆինանսավորման ավելացումը էական, ողջունելի, սակայն ոչ բավարար քայլ է․ «Դրա մասին են խոսում թվերը․ անցյալում գիտության ֆինանսավորումը կազմում էր համախառն ներքին արդյունքի 0.2-0.5%-ը, այսօր այն կրկնապատկվել է, բայց դեռևս բավարար չէ։ Եթե լիներ 1%, արդեն կարելի էր խոսել, որ ֆինանսավորման տեսանկյունից հարցերը կարգին են։ Անգամ բավարար լինելու պարագայում դա դեռևս չի լուծում խնդիրները, որովհետև կան այլ՝ օրինակ, կազմակերպչական բնույթի խնդիրներ»։
Նրա գնահատմամբ՝ այդ խնդիրներից մեկը գիտնականների փոքր թիվն է․ մենք այսօր 3 միլիոն բնակչի հաշվով ունենք 4000 գիտնական․ «Այդ թիվը էապես ցածր է, քան համաշխարհային միջինը, և այստեղ կան խնդիրներ, թե ինչպես է պետք նոր գիտական սերնդի ներհոսք ավելացնել։ Այս տարիների ընթացքում նաև ձևավորվել է մեծ բացատ երիտասարդ և ավագ սերնդի գիտնականների միջև, մենք գրեթե չունենք միջին սերնդի գիտնականներ։ Անշուշտ, ֆինանսավորման ավելացումը քայլ է այդ ուղղությամբ, բայց այն չի կարող լուծել խնդիրը, որովհետև պետք է բարձրացնել գիտության ոլորտի գրավչությունը և ֆինանսավորումը բարձրացնել այնքան, որ երիտասարդների խմբից արտահոսքը շատ չլինի և այդ երիտասարդները ժամանակի ընթացքում տեղափոխվեն միջին սերնդի միջակայք»։
Նրա խոսքով՝ բնագիտական ուղղությունների ֆակուլտետներում ուսանողների թիվը շատ փոքր է, և նույնիսկ նրանցից շատ քչերն են շարունակում գիտությամբ զբաղվել, հիմնականում գնում են բարձր տեխնոլոգիաների ոլորտ․ «Առայժմ մենք հեռու ենք այն մակարդակից, որ աշխատավարձի տեսանկյունից մրցակցային պայմաններ ստեղծվեն ու այդ արտահոսքը չլինի։ Բացի դրանից՝ երբ նույն երիտասարդը մտնում է գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ հնացած սարքավորում է, չվերանորոգված շենքեր, ապա ակնհայտաբար դա գրավիչ չէ։ Գրավիչ դարձնելու համար պետք է արդիականացնել ենթակառուցվածքները, անհրաժեշտ է սարքերով հագեցնել ինստիտուտները, իսկ դրա համար անհրաժեշտ են էլ ավելի մեծ ֆինանսներ։ Այսինքն՝ երրորդ խնդիրը ենթակառուցվածքների ոչ գրավիչ լինելն է»։
Իշխանյանի խոսքով՝ կա նաև բարձրակարգ գիտական միջավայրի խնդիր, որը պետք է ստեղծվի տարիների ընթացքում՝ նաև արտասահմանից կադրեր ներգրավելու միջոցով․
«Գիտության կոմիտեն այս տարի այդ ուղղությամբ իրականացրել է շատ կարևոր քայլեր։ Դրանք ինտեգրման դրամաշնորհներն են, որոնցով, ենթադրվում է, արտասահմանում գտնվող մեր հայրենակիցները կարող են գալ, այստեղ ձևավորել խմբեր և գործել։ Կա հեռավար լաբորատորիաների գաղափարը, երբ, մնալով արտասահմանում, գործող մասնագետը կարող է գործել այստեղ, ղեկավարել խումբ։ Բացի այդ միջավայրից՝ պետք է գիտակցել, որ գիտական ոլորտի աշխուժացման համար անհրաժեշտ է տնտեսության զարգացվածության որոշակի աստիճան, որպեսզի տնտեսությունից գան պատվերներ։ Չկան պատվերներ, կան օրենսդրական բացեր։ Օրինակ՝ կիրառական արդյունքի ներդրման համար համապատասխան իրավաբանական դաշտը կարգավորման կարիք ունի»։
Արթուր Իշխանյանը պատմում է նաև, որ ԳԱԱ-ում այժմ քննարկվում է հետազոտական համալսարանի ստեղծման հարցը, որտեղ ուսուցումը և գիտությունը կլինեն խիստ փոխկապակցված, և գիտական մասը կլինի արտահայտված։ Այս համալսարանի ստեղծման ժամկետները դեռևս հստակ չեն, սակայն, ըստ նախնական տվյալների՝ համալսարանը ունենալու է տեխնոլոգիական ուղղվածություն։
Ակադեմիկոս-քարտուղարը հույս ունի, որ կատարվող դրական քայլերը հետևողականորեն շարունակելու դեպքում որոշ ժամանակ անց լավ արդյունքներ կլինեն։
Նանե Ավետիսյան
comment.count (0)