ՀՀ-ն կվավերացնի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը. դա թույլ կտա Ադրբեջանի ագրեսիայի փաստով քրգործ հարուցել |news.am|
12:13 - 29 դեկտեմբերի, 2022

ՀՀ-ն կվավերացնի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը. դա թույլ կտա Ադրբեջանի ագրեսիայի փաստով քրգործ հարուցել |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում հավանություն տվեց «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով նշեց, որ թեև Հայաստանը կանոնադրությունը ստորագրել է 1999 թվականին, սակայն այն չի վավերացվել, քանի որ Կանոնադրությամբ ստանձնվող որոշ պարտավորություններ ճանաչել էր 1995 թվականի Սահմանադրությանը հակասող։ Այժմ, ըստ նախարարի անհրաժեշտություն է առաջացել կանոնադրության վավերացման գործընթացը վերսկսելու համար ևս մեկ անգամ դիմել ՍԴ: Նախարարը նկատեց, որ դրանից հետո Սահմանադրությունը երկու անգամ փոփոխության է ենթարկվել:

«Կանոնադրության նպատակն է Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը, որը պետք է քննի կանոնադրությամբ նշված առավել ծանր հանցագործությունները՝ բացառելու համար դրանք կատարած անձանց անպատժելիությունը և նպաստելու այդպիսի հանցագործությունների կանխմանը:

Կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է դատարանին ընդհատյա հանցագործությունների շրջանակը: Դրանք են ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունը:

Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը և հրատապությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

2021թ. մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա իրականացնելով ՀՀ-ի դեմ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք և շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում։ Այնուհետև, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացվեց նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի զինված ուժերի և քաղաքացիական բնակչության շրջանում, և որի ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ։

Ավելին՝ դատելով Ադրբեջանի կողմից դրսևորած պահվածքից և կատարած ռազմատենչ հայտարարություններից՝ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր։

Այս պայմաններում, ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարևոր է, քանի որ ՀՀ կողմից Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված և Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաև պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար։

Միաժամանակ, որպեսզի Հայաստանն ի վիճակի լինի տարածել ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի ժամանակ գործած պատերազմական հանցագործությունների վրա, Հայաստանը վավերացման հետ մեկտեղ կատարում է ՄՔԴ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարություն՝ հետադարձորեն ճանաչելով ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 12-ի ժամը 00։00-ից ի վեր։ Ասվածը վերաբերում է միայն ցեղասպանության, մարդկայնության դեմ և պատերազմական հանցագործություններին և չի վերաբերում ագրեսիվ պատերազմի հանցագործությանը:

ՄՔԴ իրավազորության հետադարձորեն ճանաչումը նույնպես կարևոր է, ինչը հնարավորություն կտա ՄՔԴ իրավազորությունը տարածել Ադրբեջանի կողմից արդեն իրականացրած Կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների վրա։ Սակայն այս գործիքի կիրառումը առավել արդյունավետ կլինի, երբ զուգորդվի ՀՀ կողմից Կանոնադրության վավերացմամբ»,- ասաց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշմանը հանգել են երկար քննարկումների արդյունքում: Նա հույս հայտնեց, որ ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանության հարցը կորոշի:

Փաշինյանը հարց ուղղեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, թե արդյոք եթե այս կանոնադրությունը վավերացվի, ՀՀ ինքնիշխան տարածքների ագրեսիայի մասով միջազգային քրեական գործ հարուցելու հնարավորություն ենք ստանում: Կիրակոսյանը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Այո, Հայաստանի տարածքում, դատարանի իրավազորությանը ենթակա պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության կատարման հետ կապված քրեական պատասխանատվության հարցն է բարձրացվելու միջազգային քրեական դատարանի առաջ»: 

Նա հավելեց, որ կապ չունի, որ Ադրբեջանը չի վավերացրել այդ կանոնադրությունը, քանի որ խոսքը ՀՀ տարածքում տեղի ունեցած հանցագործությունների մասին է:

Գրիգոր Մինասյանը նաև նշեց․ «ՍԴ-ի կողմից դրական որոշման առկայության դեպքում մենք Միջազգային քրեական դատարանի իրավապահ համակարգի գործիքակազմը ներգրավելու ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցած քրեական հանցագործությունները միջազգային ատյանները կարողանան քննել, և անկախ նրանից, թե հակառակ կողմն այդ պայմանագրի անդամ է, թե ոչ, որպես քրեական հանցագործի կկարողանան պատասխանատվության ենթարկել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել