Ադրբեջանը Արևմուտքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է նրանով, որ «ՀՀ-ն և ՌԴ-ն ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի դեմ»․ Փաշինյան
13:35 - 10 հունվարի, 2023

Ադրբեջանը Արևմուտքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է նրանով, որ «ՀՀ-ն և ՌԴ-ն ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի դեմ»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ասուլիսի ընթացքում, անդրադարձավ ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովին, ինչպես նաև ՌԴ-ի հետ հարաբերություններին։ 

«ՀՀ-ի ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ ՌԴ-ն Հայաստանի անվտանգության թիվ 1 երաշխավորն է։ 44-օրյա պատերազմից հետո մեր օրակարգը ՌԴ-ի հետ առաջին հերթին եղել է հետևյալը, որ մենք մտահոգություններ ունենք, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։ Սա եղել է ՌԴ-ի հետ մեր անվտանգային ոլորտի հաղորդակցության գլխավոր թեման։ Իմ կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, և այդ խոսակցությունների արդյունքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար»։ 

Փաշինյանի խոսքով՝ 2021 թ․-ի մայիսին, երբ Սոթք Խոզնավար հատվածում տեղի է ունեցել ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ՀՀ իշխանությունները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ակնկալել են կոնկրետ գործողություններ ՌԴ գործընկերներից և անվտանգային ոլորտի գործընկերներից․ «Եվ ի պատասխան մեր հարցումների և դիմումների, ստացել ենք դիտարկում այն մասին, որ ՀՀ-ի Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն։ Եվ այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն։ Այդ դեպքում՝ որտեղով է անցնում այդ կարմիր գիծը, որը մենք միջպետական հարաբերություններում արձանագրել ենք։ Այս համատեքստում շատ կարևոր է դարձել այդ հարցի պատասխանը հետագա հարաբերությունների կառուցման համար։ Այդ կարմիր գիծը դե յուրե գոյություն ունի և դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ ՀՀ-ում»։ 

Փաշինյանն ասաց՝ Երևանում կայացած գագաթաժողովի ընթացքում առաջադրված հիմնական խնդիրը այն է, որ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական խնդիր կա ի ցույց դնելու և հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին․ «Մենք ասել ենք՝ առանց այս գծի արձանագրման պաշտոնապես մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում։ Սա է հիմնական բովանդակությունը, որ այսօր էլ շարունակում է մնալ սեղանին։ Այսինքն ՝ ՀԱՊԿ գագաթաժողովը Երևանում ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել»։ 

Վարչապետը նաև նշեց, որ վերջին շրջանում Ադրբեջանը արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է հետևյալ կերպ․ «Ասում է, որ մենք մտավախություններ ունենք, որ «ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և ահա մենք, այսպես ասած, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում»։ 

Նրա խոսքով՝ այդ մասին խոսելը աբսուրդ է․ «Բայց մյուս կողմից, նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, և այդ պատճառով Ադրբեջանը Արևմուտքում այդ խոսույթն է զարգացնում։ Եվ մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար։ Մենք այս փաստերից, բնականաբար, հետևություններ չենք անում։ Մենք առայժմ արձանագրում ենք այս փաստերը։ Տպավորություն չստեղծվի, թե մեր հարաբերությունների որևէ փուլում այս խոսակցությունը տեղ չի ունեցել։ Սա անընդհատ խոսակցություն է եղել, այլ բան, որ մենք հիմնականում աշխատում ենք և աշխատել ենք այս խոսակցությունները պահել աշխատանքային, խորհրդապահական մակարդակում։ Ինչո՞ւ եմ այս մասին հրապարակային խոսում, որովհետև չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ հանրությունը տպավորություն չստանա, թե մենք մեր աշխատանքում, մեր բանակցություններում, մեր հարաբերություններում ՀՀ շահերին առնչվող որևէ հարց չենք հետապնդում բավարար չափով։ Շատ կարևոր է, որ մեր հանրությունը տեղյակ լինի, որ մենք այս թեմաներով ամենօրյա աշխատանք ենք տանում և դա շարունակելու ենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել