36 միավոր «MAN» և 120 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են
14:31 - 16 հունվարի, 2023

36 միավոր «MAN» և 120 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ինչ թեմաներ են քննարկվել այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել: Այս տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ ընկած հատվածում: Նախագծի մրցույթն արդեն հայտարարված է:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել շուրջ 500 մլն դրամի լուսատու: Հարկ է նշել, որ ծրագիրն ունի էներգախնայողության բաղադրիչ. նատրիումային լամպերը փոխարինվում են էներգախնայող LED լուսատուներով:

Քաղաքացիների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով երևանյան պոլիկլինիկաներում կներդրվի հերթագրման էլեկտրոնային համակարգ: Նախագիծը մեկնարկել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայից:

Համայնքային ավտոբուսային հավաքակայանը շարունակում է համալրվել նոր շարժակազմով: 36 միավոր «MAN» և 120 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են:

Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով: Ծրագրի մրցույթն արդեն կայացել է:

Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ: Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ:

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել