Չնայած ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ․ Լավրով
15:41 - 18 հունվարի, 2023

Չնայած ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ․ Լավրով

Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ նա անդրադարձել է Երևանում չընդունված հայտարարությանը։

Նա նշել է, որ Երևանում հայտարարությունը չհաջողվեց ընդունել, որովհետև հայ գործընկերները պնդում էին, որ դրանում լինի սուր դատապարտություն՝ ուղղված Ադրբեջանին։ Ըստ Լավրովի՝ իրենք բացատրել են, որ երբ խոսքը դատապարտման, հռետորիկայի մասին է, ամեն մեկը իր կամքը ունի դա անելու։ Բայց, նրա խոսքով, երբ ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկելու մասին է, նման հայտարարություները պարտադիր չեն:

«Մենք դեռ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Չնայած մենք դաշնակիցներ ենք, չնայած նրան, որ առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ, որ այնտեղ քաղաքացիական դիտորդների երկարաժամկետ առաքելություն տեղակայվի։ Իհարկե, սա Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ առաքելությունը տեղակայվելու է Ադրբեջանի սահմանին, և եթե չլինի Ադրբեջանի համաձայնությունը, առաքելության տեղակայումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է ավելորդ լարվածություն ստեղծել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով։ Infocom.am-ի հայաստանյան աղբյուրը հաստատել էր տեղեկությունը, որ դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, ապա հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում:

Հավելենք նաև, որ 2022թ. նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Վարչապետը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը ու նշել․ ««ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»։

ՀՀ ԱԳՆ խոսնակն էլ, մեկնաբանելով այն, որ հայտարարությունը չի ընդունվել, ասել էր, որ հայկական կողմը ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծն այդ տեսանկյունից չէր բավարարում հայկական կողմին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել