Վիրավոր զինծառայողներից երկուսը վերկակենդանացման բաժանմունքում են, մեկի վնասվածքներն ավելի թեթև են․ Ավանեսյան
11:45 - 19 հունվարի, 2023

Վիրավոր զինծառայողներից երկուսը վերկակենդանացման բաժանմունքում են, մեկի վնասվածքներն ավելի թեթև են․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վիրավոր զինծառայողներից երկուսը Այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են․ «Մեկի վնասվածքներն ավելի թեթև են, բաժանմունքային պացիենտ է»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով հրդեի դեպքին, տեղեկացրեց, որ 2022 թ․-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը՝ հետևյալ վերնագրով․ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների ու դրանց կախարգելման մասին», և հստակ հրահանգավորել է և հրաման է տվել, թե ինչ պես պետք է հակահրդեհային կանոնները պահպանել։ 7-րդ կետում նշվում է՝ «խստիվ արգելել վառարանների շահագործման համար ավտոբենզին, նեֆռազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»։ 

Փաշինյանն ասաց՝ սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է, և այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը։

«Մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլ վառարանը օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ։ Բնականաբար, երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո դարձյալ նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ։ Ենթադրում ենք՝ մեծ հավանականությամբ ոչ դիտավորյալ, որից հետո, պարզ է, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ իհարկե, հույս ունեմ, որ Գլխավոր դատախազությունը ու Քննչական կոմիտեն կաշխատեն ու ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ներկայացված բոլոր տվյալները նախնական են։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել