Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են՝ ռուս խաղաղապահները պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով
16:23 - 19 հունվարի, 2023

Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են՝ ռուս խաղաղապահները պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով

Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը երեք բանաձև է ընդունել Բրազիլիայում, Մարոկկոյում և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ։

Բանաձևի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում ասվում է․

«Խորհրդարանը ցավում է ծանր հումանիտար ճգնաժամի համար, որն առաջացել է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակման հետևանքով։ Քանի որ միջանցքը պատերազմից տուժած տարածաշրջանը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերաբացելու այն՝ ապահովելու հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը առավել խոցելի խմբերի համար»։

Բանաձևն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Բանաձևով կոչ է արվում թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:

«Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են տարածքում ներկա ռուս «խաղաղապահների» անգործությունը և գտնում են, որ դրանք պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով։ Նրանք նաև կոչ են անում ԵՄ-ին ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի գործողությունների, Ռուսաստանի ապակառուցողական դերի կամ Մինսկի խմբի անգործության պատճառով»,- ասվում է բանաձևի մեջ։

 

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել