2022-ի բյուջեով նախատեսված էր, որ գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումներից մեկի շրջանակում պետք է ստեղծվեին գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոններ, որոնց համար Եվրամիությունը (ԵՄ) պետք է հատկացներ 2,5 միլիարդ դրամ (11017 միջոցառում)։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Գիտության կոմիտեն հայտնել էր, որ ԵՄ դրամական միջոցները հասանելի չեն եղել, ինչի պատճառով միջոցառումը փաստացի չի իրականացվել։
Մեր փորձերը՝ հասկանալու, թե ինչու են ԵՄ դրամաշնորհային միջոցներն անհասանելի եղել, և ինչու միջոցառումը չի իրականացվել, երեք ամիս ապարդյուն էին։
Գերատեսչությունները 3 ամիս խուսափում էին ուղիղ պատասխանից
Ի սկզբանե մենք հարցում էինք ուղարկել ԿԳՄՍՆ, և Գիտության կոմիտեն ի պատասխան նշել էր, որ չի տիրապետում տվյալների, թե ինչու չի ֆինանսավորվել նշված միջոցառումը։
Այնուհետև մեր հարցերն ուղղել էինք վարչապետի աշխատակազմին, որտեղից հարցումը վերահասցեագրվել էր Ֆինանսների նախարարություն։ Ֆիննախից ևս մեր հարցերին ըստ էության չէին պատասխանել՝ ուղղորդելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, քանի որ, ըստ Ֆիննախի, ԵՄ հետ աշխատանքները տանում է Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
Մհեր Գրիգորյանի գրասենյակը ևս այս հարցերի պատասխանները չուներ և մեր ուղարկած հարցումը վերահասցեագրեց ԿԳՄՍՆ, որին էլ ի սկզբանե ուղղել էինք հարցերը։
3 ամիս անց փոխվարչապետի գրասենյակը մեկնաբանություն է տալիս
Մի քանի օր առաջ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն պատասխանել է մեր հարցմանը, որը ԿԳՄՍՆ էր վերահասցեագրել Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
Մեր հարցին, թե ինչ պատճառներով ԵՄ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, Գիտկոմը տվել է նույն պատասխանը, ինչ նախորդ անգամ․ կոմիտեն չի տիրապետում այդ մասին տեղեկությունների։
Մենք նաև հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք ԵՄ-ն միջոցները տրամադրել է, սակայն կառավարությունն ինչ-ինչ պատճառներով որոշել է դրանք այլ ուղղությամբ ծախսել։ Ի պատասխան այս հարցի՝ Գիտկոմը նշել է․ «Միջոցառման համար նախատեսված միջոցներն այլ ուղղություններով ծախսելու որոշումը և, առհասարակ, պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշումների (համապատասխան իրավական ակտերի ընդունման տեսքով) կայացման գործընթացը հրապարակային է, հասանելի թե՛ լրագրողների, թե՛ լայն հանրության համար, հետևաբար, այլ ուղղություններով ծախսելու վերաբերյալ հանրային տեղեկատվության բացակայությունը նշանակում է, որ այդպիսի որոշում չի եղել»:
Հարցին, թե ինչու է նշված միջոցառումը ներառվել ՀՀ պետական բյուջեում, եթե ՀՀ կառավարությունը չէր կարողանալու ապահովել ԵՄ դրամաշնորհային միջոցների հասանելիությունը, Գիտկոմը պատասխանել է․ «Միջոցառումը պետական բյուջեում ներառվել է` հաշվի առնելով գիտության ոլորտում կառավարության կողմից տարվող քաղաքականությունը և դրա նպատակները: Այնուամենայնիվ, միջոցառման կատարումը միմիայն պայմանավորված չի եղել ԵՄ կողմից ֆինանսավորման առկայությամբ, և ԵՄ դրամաշնորհային միջոցների հասանելիության բացակայությունը միայն որոշակի շտկումներ է մտցրել միջոցառման կատարման ժամկետների և ձևաչափի առումով:
Որպես նշվածի հաստատում` հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. միջոցառումների ծրագրի 27.1 կետով նախատեսված է 2022-2026 թթ․ ընթացքում գիտական կենտրոնները համալրել տարեկան 4-6 գիտական խոշոր սարքավորումներով: Ծրագրով 2022 թ․ համար նախատեսված էր 3 մլրդ 580 մլն ՀՀ դրամ (որից 2 մլրդ 500 մլն ՀՀ դրամը նախատեսվում էր տրամադրել ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ համաձայն ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրի 11017 միջոցառման):
Բազային ֆինանսավորման 11002 միջոցառման շրջանակներում գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման նպատակով 2022 թ․ կազմակերպվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը, որի արդյունքում 2 մլրդ 933 մլն ՀՀ դրամ է հատկացվել 15 գիտական կազմակերպության՝ տարբեր կազմակերպությունների կողմից համատեղ օգտագործման ենթակա գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար»:
Նշված 2 մլրդ 933 մլն դրամը հատկացվել է 2022-ի բյուջեի մեկ այլ միջոցառման շրջանակում։ Խոսքը «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման մասին է, որով նախատեսված էր գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացում, ծրագրերի իրականացում, գիտական սարքավորումների արդիականացում, միջազգային համագործակցության աջակցություն։ Այս միջոցառման ընդհանուր բյուջեն ավելի քան 11 միլիարդ 969 միլիոն դրամ էր, որից 2 մլրդ 933 մլնը, ինչպես պարզաբանել է Գիտկոմը, հատկացվել է գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար։
Գիտկոմը չունի նաև այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրն ի վերջո հասանելի է լինելու 11017 միջոցառումն իրականացնելու համար։ Մեր հարցին ի պատասխան՝ կոմիտեն նշել է միայն 2023-ի բյուջեով նախատեսվող միջոցառումների մասին․ «11017 միջոցառման փոխարեն, նույն տրամաբանության մեջ, 2023 թ․ ՀՀ պետական բյուջեի Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրում նախատեսված են «32004. Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինում ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծում» և «32003. Գիտական կենտրոնների վերանորոգում» միջոցառումները, որոնց շրջանակներում համապատասխանաբար 4 մլրդ 200 մլն ՀՀ դրամ և 940 մլն ՀՀ դրամ տրամադրվելու են մի շարք գիտական կազմակերպությունների արդիականացման և վերազինման նպատակով, որոնք էլ հետագայում հիմք կհանդիսանան Գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար: Այսինքն, 2023 թ. ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրում ԵՄ դրամաշնորհային միջոցներ՝ որպես ֆինանսավորման աղբյուր, չեն նախատեսվել»:
Հաշվի առնելով, որ Գիտկոմի պատասխանից կրկին պարզ չէին մեր հիմնական հարցերի պատասպանները, մենք կրկին դիմեցինք ԵՄ դրամաշնորհների ուղղությամբ բանակցությունների համար պատասխանատու կառույցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին՝ խնդրելով պարզաբանել՝
Այս անգամ Մհեր Գրիգորյանի գրասենյակից մեր հարցերին պատասխանել են, չնայած որ նույն պատասխանը մեզ կարող էին տրամադրել դեռ դեկտեմբերին, երբ առաջին անգամ էինք հարցում ուղարկել գրասենյակ։ Պատասխանում նշվում է հետևյալը․ «Հաշվի առնելով կրթության և գիտության ոլորտում ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ 2022 թ. բյուջեի քննարկման ժամանակ առաջարկվել էր միջոցառումն իրականացնել ԵՄ-ի հետ համագործակցությամբ, սակայն հետագայում ԵՄ-ի հետ նման հարցի շուրջ բանակցություններ չեն տարվել, և որոշվել է միջոցառումն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին»:
Այս պատասխանից պարզ է դառնում, որ դրամաշնորհային ծրագրի շուրջ բանակցություններ չեն տարվել, այդ պատճառով էլ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, և միջոցառումը չի իրականացվել։ Սակայն պարզ չէր, թե որ տարվա բյուջեի ինչ միջոռում նկատի ուներ փոխվարչապետի գրասենյակը, երբ նշում էր, թե որոշվել է միջոցառումն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին։
Այս մասին լրացուցիչ մեկնաբանություն խնդրեցինք Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանից, որը պարզաբանեց՝ խոսքը 2023-ի բյուջեի 11002 միջոցառման մասին է։ Այս միջոցառմամբ նախատեսվում են գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացում, ծրագրերի իրականացում, գիտական սարքավորումների արդիականացում, միջազգային համագործակցության աջակցություն։ Միջոցառման ընդհանուր բյուջեն ավելի քան 12 միլիարդ 452 միլիոն դրամ է, որի մի մասը հատկացվելու է գիտական սարքավորումների արդիականացմանը։
Ստացվում է, որ նախորդ տարվա բյուջեով 11017 միջոցառման շրջանակում պետք է 2,5 միլիարդ դրամ հատկացվեր գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար, բայց այդ գումարը չի հատկացվել, և միջոցառումը չի իրականացվել։ Իսկ Գիտկոմի նշած այս և այլ միջոցառումներն իրականացվելու են 2023-ի բյուջեով։
Գիտությանը հատկացվող միջոցները նախորդ տարվա համեմատ փաստացի ավելացել են ոչ թե 20,6, այլ 12,4%-ով
Կառավարության սեպտեմբերի նիստերից մեկի ժամանակ ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ գիտությանը հատկացվող միջոցները 2023-ին կգերազանցեն 36 մլրդ դրամը, ինչը «ավելի քան 6,5 մլրդ դրամով ավելի է» 2022-ի հատկացումներից։ Հաշվի առնելով, որ 11017 միջոցառումն այդպես էլ չի ֆինանսավորվել, Տիգրան Խաչատրյանի նշած 6,5 մլրդ դրամ աճն այդքան էլ ճիշտ չէ։
Այսպիսով, 2022-ին գիտությանը հատկացվել էր ավելի քան 30 մլրդ 384 մլն դրամ (գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր և ԳՀՓԿ աշխատանքներ)։ 2023-ի բյուջեով նախատեսված է ավելի քան 36 մլրդ 655 մլն դրամ (գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր և ԳՀՓԿ աշխատանքներ)։ Եթե իրականացված լինեին 2022-ի բյուջեով նախատեսված բոլոր միջոցառումները, ապա նախորդ տարվա համեմատ այս տարվա հատկացումները 6 մլրդ 271 մլն դրամով կամ 20,6%-ով ավելի կլինեին։ Սակայն եթե հաշվի առնենք այն փաստը, որը 2022-ին նախատեսված միջոցներից 2,5 միլիարդը չի հատկացվել, և պետական կառույցների պատասխաններից դատելով՝ փոխարենը հատկացվում է այս տարվա բյուջեով, ապա այս տարի գիտությանը փաստացի հատկացվում է ոչ թե ավելի քան 36 մլրդ 655 մլն դրամ, այլ ավելի քան 34 մլրդ 155 մլն դրամ, այսինքն՝ չհաշված 2,5 մլրդ դրամը, որը պետք է հատկացվեր դեռ նախորդ տարի։ Այսպիսով, հատացումների փաստացի աճը նախորդ տարվա համեմատ 3 մլրդ 771 մլն դրամ է կամ 12,4%:
Աննա Սահակյան
comment.count (0)